News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արցախյան ազատամարտի մասնակից Դուշման Վարդանը (Վարդան Ստեփանյան) այսօր՝ մարտի 9-ին,կդառնար 52 տարեկան: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Վարդանի շիրմի մոտ այսօր բազմամարդ էր: Հավաքվել էին նրա հարազատները, մարտական ընկերները եւ երիտասարդներ, որոնք հայրենասիրական երգեր երգեցին նրա հիշատակին:

«Իմ որդին այսօր 26 տարեկան է՝ ապրած կյանքին գումարած 26 տարիներ, որ այստեղ ամփոփված սերունդներ է դաստիարակում: Սա մեր հայրենիքն է եւ մեր հողը պաշտպանողներն ապացուցեցին, որ հայը զավթողական պատերազմ չի մղում, մեր հողն է հետ բերում: Տղես մի ցավ ուներ՝ մի կտոր հող հետ բերել, եւ Վարդանը ինձ պատգամ թողեց՝ մայր, որ ազգս բանակ ունենա, բարձր կգոռաս: Բալես ազգդ բանակ ունի, ազգդ ուժեղացել է, ապրիլյան մեր հերոսները հաղթեցին եւ ապացուցեին, որ կանգուն են, եւ ձեր ազատագրած հողը մենք թշնամուն չենք տա»,- ասաց Վարդանի մայրը՝ Զարուհի Շամյանը:

«Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Կարապետ Կարապետյանը կազմակերպության խորհրդի որոշմամբ «Վահագնի Աստված» ոսկյա հուշանվերով պարգեւատրեց Վարդանի մորը:

 NEWS.am-ի հետ զրույցում Կարապետ Կարապետյանն ասաց, որ մեծ է Դուշման Վարդանի ներդրումը Արցախյան գոյամարտում. «Անձամբ ճանաչել եմ Վարդանին եւ կասեմ, որ նա «մարդ» մնացած մարդ էր: Ինքն ինձ համար ազգային հերոս է»:

Դուշման Վարդանի շիրմին  ծաղիկներ դնելուց եւ խնկարկելուց հետո հավաքված երիտասարդները ազգային պարեր պարեցին Եռաբլուրում:

Դուշման Վարդանը 1988-ից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը, ընկերոջ՝ Արմեն Երիցյանի հետ ստեղծել է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ազատամարտիկները, մասնակցել է բազմաթիվ մարտերի, այդ թվում՝ Իջեւանի եւ Նոյեմբերյանի շրջաններում։

«Դուշման» մականունը նրան տվել էր հակառակորդը, որին նա սարսափ էր ներշնչում։ Վարդանը զոհվել է 1992թ. հուլիսի 3-ին, երբ իր մարտընկեր Երոյի (Արմեն Երիցյան) եւ Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանում:

Վարդանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման» եւ «Մոր երախտագիտությունը Արցախ աշխարհի հերոս զավակներին» մեդալներով:

Տպել
Ամենաշատ