News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Նրանց, ում սիրում են, միշտ արտասովոր են

Լ. Ենգիբարով

Մոսկվայում 83 տարի առաջ՝ 1935 թվականի մարտի 15-ին ծնվեց Լեոնիդ Գեորգիի Ենգիբարովը: Ինքը՝ Մարսել Մարսոն է նրան մնջախաղի հանճար եւ «շարժման մեծ պոետ» անվանել, Վլադիմիր Վիսոցկին նրան տաղանդավոր արտիստ էր համարում եւ իր ընկերը, չեխ լրագրողները գրում էին, որ նա ծաղրածու է՝ «աշունը սրտում»: Լեոնիդ Ենգիբարովը ԽՍՀՄ-ում միակ քնարերգու, ինտելեկտուալ, ռոմատիկ եւ փիլիսոփա ծաղրածուն էր: Նա իր գլխավոր խնդիրը մարդկանց ծիծաղեցնելը չէր համարում, նրա համար ավելի կարեւոր էր մարդկանց մտածել ստիպելը: Շատերը նման մոտեցումը չէին ընդունում, Նիկուլինը սկզբում նրան քննարդատում էր, իսկ ավելի ուշ ճանաչեց նրա տաղանդի եզակիությունը: 29 տարեկանում նա դարձավ Եվրոպայի լավագույն ծաղրածուն, իսկ 37-ում անժամանակ մահացավ սրտի կաթվածից:

Ենգիբարովը կործանեց ծաղրածուների վերաբերյալ ավանդական պատկերացումները՝ նա ելույթ էր ունենում առանց վառ գրիմի, կարմիր քթի եւ շեկ կեղծամների: Ամբողջ ելույթի ժամանակ նա ոչ մի բառ չէր արտաբերում, սակայն լռությունը ցանկացած բառից ավելի խոսուն էր: Սկզբում նրա ռեպրիզները աղմկոտ հաջողություն չունեին՝ հանդիսատեսը կրկես էր գալիս զվարճանալու եւ ծիծաղելու, եւ քչերն էին ի վիճակի գնահատելու քնարերգական սուր բեմադրությունները: Փիլիսոփա ծաղրածուն հանդիսատեսին հիասթափեցնում էր:

Ենգիբարովը միջազգային ճանաչման արժանացավ բավականին վաղ տարիքում՝ ընդամենը 29 տարեկանում նա դարձավ Եվրոպայի լավագույն ծաղրածուն, երբ Պրահայում տեղի ունեցած Ծաղրածուների միջազգային մրցույթում ստացավ առաջին մրցանակը՝ Է. Բասի գավաթը: Դրանից հետո նրան հաջողություն էր սպասում նաեւ հայրենիքում. Ենգիբարովը ելույթ էր ունենում ոչ միայն կրկեսում, այլ նաեւ էստրադայում՝ «Մնջախաղի երեկոներով», նկարահանվում էր կինոյում, հյուրախաղերի մեկնում:

Ենգիբարովը եւ Վիսոցկին ընկերներ էին, Մարինա Վլադին «Վլադիմիր կամ Ընդհատված թռիչք» գրքում նրան անվանել է բանաստեղծի ամենասիրելի արտիստներից մեկը եւ նրա մասին այսպես է արտահայտվել. «Նա երիտասարդ է, նրա մեջ ամեն ինչ հիասքանչ է: Նա իր տեսակի մեջ նույնպես բանաստեղծ է, նա հանդիսատեսին՝ թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին, ստիպում է ծիծաղել եւ արտասվել: Այս կախարդը առաջնության դափնին խլեց ծերացող Օլեգ Պոպովից եւ մյուս ավանդական գորգային ծաղրածուներից: Նա մինորային տոների մեջ է աշխատում: Կրեմով ոչ մի տորթ դեմքին, կարմիր քթեր, շերտավոր անդրավարտիքներ, ահռելի կոշիկներ: Ափսեները կոտրելով՝ նա հանդիսատեսին խելահեղ ծիծաղից միացնում է լիակատար լռությանը, իսկ հետո զարմանում ես, որ կոկորդին փղձուկ է գնդվել, եւ ահա՝ մարդիկ արդեն թաշկինակն են հանում, որպեսզի ծածուկ արցունքները սրբեն»:

Մահվանից առաջ նրան հաջողվեց իրականացնել երազանքը՝ ստեղծել մնջախաղի էստրադային թատրոն: Հավանաբար, Ենգիբարովը էլի շատ կրեատիվ նախագծեր կիրականացներ, սակայն նա չկարողացավ հատել ստեղծագործող շատ մարդկանց համար ճակատագրական սահմանագիծը՝ 37 տարեկանը: Հանրահայտ ծաղրածուն, որը ԽՍՀՄ-ում լավագույններից մեկն էր, վաղաժամ մահացավ սրտի կաթվածից:

Վիսոցկին ծանր է վերապրել նրա կորուստը: Մարինա Վլադին հիշում է. «Մի օր քեզ զանգահարեցին, եւ ես տեսա՝ ինչպես դեմքդ սեւացավ: Դու դրեցիր լսափողը եւ սկսեցիր հեկեկալ ինչպես երեխան՝ փղձկալով: Ես գրկեցի քեզ, դու բղավեցիր. «Ենգիբարովը մահացել է: Այսօր առավոտյան Գորկու փողոցում նա վատ է զգացել, եւ ոչ մեկը չի օգնել՝ մտածելով, թե հարբած է»: Իսկ 8 տարի հետո նույն օրը՝ հուլիսի 25-ին մահացավ նաեւ ինքը Վիսոցկին:

Լ. Ենգիբարովը՝ Հայաստանի եւ Երեւանի մասին

Ես ապրում եմ հարմարավետ Արարատյան դաշտավայրում: Այս հարթավայրն ասես գավաթ լինի, որի եզրերը լեռներն են: Ես ապրում եմ հողի ափերի մեջ: Ես ապրում եմ ԱԲՈՎՅԱՆԻ վիրավոր ափերի մեջ:

Մի անգամ Երեւանում, երբ լեռներից աշունն իջավ եւ քաղաքի փողոցները դարձան շագանակա-ոսկեգույն, եկավ ծաղրածուն: Չգիտեմ՝ գուցե նա սիրահարվեց երկարաոտ եւ թուխ աղջկան, իսկ գուցե սա հեքիաթ է… Բայց ճշմարտություն է, որ նա հեռացավ աշնանային անձրեւով լի աչքերոով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ