News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին:

Ողջունելով հյուրին եւ ընդգծելով, որ հայ-հունական առնչությունները հազարամյակների պատմություն ունեն եւ լի են բարեկամության բազմաթիվ դրսեւորումներով՝ Հանրապետության Նախագահը պատահական չի համարել, որ երկու ժողովուրդների հարաբերություններին հատուկ է փոխըմբռնման եւ փոխվստահության բարձր մակարդակը: Սերժ Սարգսյանը ուրախությամբ է արձանագրել, որ միջպետական հարաբերությունների ավանդական հենասյուներից է դարձել նաեւ հայ-հունական պաշտպանական ոլորտի համագործակցությունը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ վերջին տարիներին երկկողմ համագործակցությունը նշանավորվել է բարձր մակարդակի փոխայցերով, ինչպես նաեւ պաշտպանական, տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության սերտացմամբ:

Նախագահը ջերմությամբ է հիշել 2016 թվականին Հունաստան կատարած իր պաշտոնական այցը եւ նախարար Կամենոսին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին եւ նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին:

Նախագահ Սարգսյանը եւ Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը գոհունակություն են հայտնել պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցության ներկայիս բարձր մակարդակից: Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս երախտագիտություն է հայտնել հունական կառավարության կողմից տարիներ շարունակ ռազմական եւ քաղաքացիական կրթության ոլորտում ցուցաբերվող աջակցության համար՝ նշելով, որ դա մեծ ներդրում է բարեկամության ամրապնդման գործում, քանի որ Հունաստանում կրթություն ստացած հայ երիտասարդներն իրենց նպաստը կբերեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Երեւանում անցկացվող «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսին, որտեղ այսօր այցելել է նաեւ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը: Զրուցակիցները ցուցահանդեսը լավ հնարավորություն են համարել ծանոթանալու ռազմական արդյունաբերության բնագավառում մասնակից երկրների ձեռքբերումներին եւ զարգացնելու ռազմատեխնիկական համագործակցությունը:

Նախարար Պանոս Կամենոսը նշել է, որ հայ գործընկերոջ հետ շարունակում են համատեղ ջանքերը պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ