News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Երեւանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաինյանը հայտարարեց, որ իրենց է միացել նաեւ Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը: Փաշինյանը նշեց, որ իրենք այսօր ողջ օրը չեն կարողացել գտնել ՀՀԿ-ականներին ու Սերժ Սարգսյանին, որ շրջափակեն:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով դիմեց «Ելք» դաշինքի մաս կազմող մյուս երկու ուժերին՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետութուն» կուսակցություններին՝ կոչ անելով միանալ այս պայքարին: «Դիմում եմ իմ ընկերներ Էդմոն Մարուքյանին, Արտակ Զեյնալյանին, Արամ Սարգսյանին, Մանե Թանդիլյանին եւ մյուսներին: Կոչ եմ անում միանալ ժողովրդին, այստեղ այն մարդիկ են, որոնք ձեզ քվե են տվել: Դիմում են գագիկ Ծառուկյանին եւ «Ծառուկյան» դաշինքին: Ես հասկանում եմ, որ իրենց քվեները բավարար չեն, որ ձախողեն վարչապետի քվեարկությունը, բայց եկեք այստեղ եւ ցույց տվեք, որ դուք էլ եք դժգոհ Սերժ Սարգսյանի իշխանությունից»,-հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակը երեկվանից փակ է. հանրահավաքը նախօրեին Ազատության հրապարակից տեղափոխվել էր այստեղ: Ֆրանսիայի հրապարակը այժմ էլ բոլոր կողմերից շարունակում է շրջապատած մնալ նստարաններով: Ցուցարարները վրաններ են տեղադրել գիշերելու համար, նաեւ վառարան են բերել, թեյնիկ, սնունդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ