Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Խորենացի փողոցով հասան եւ փակեցին նաեւ Տիգրան Մեծի պողոտան: Նրանք մի պահ նստեցին փողոցում: Ընթացքում վարորդները անընդհատ դժգոհում էին, որ փակել են ճանապարհը: Նիկոլ Փաշինյանը հանդարտեցնում էր իրավիճակը, ներողություն խնդրում անհարմարությունների համար:

Փաշինյանը հայտարարեց, որ որոշել են փոխել իրենց մարտավարությունը եւ առաջ շարժվել միասնական երթով: Դրա համար Կորյուն-Հերացի փողոցը փակող երիտասարդները միացել են իրենց:

Նշենք, որ իրենց երթի ընթացքում ցուցարարները նաեւ աղբամաններ էին բերում ու փակում փողոցը:

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների: Ոստիկանության տվյալներով բերման ենթարկվածների թիվը 29 է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցել է փշալարերի վրայով, նրան հետեւել են այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց:

Նշենք, որ երեկ առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով: Այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները: Այսօր եւս ցուցարարները փակում են Երեւանի կենտրոնական փողոցները: