News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ապրիլի 18-ին Մալթայում մեկնարկել են Հայկական մշակույթի օրերը, որոնք կտեւեն մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ:

Հայաստանի մշակույթին նվիրված նման մասշտաբի միջոցառում Եվրոպայում դեռեւս չի անցկացվել, եւ շատ կարեւոր է, որ Հայկական մշակույթի օրերը Մալթայում անցկացվում են այն ժամանակ, երբ այս երկրի մայրաքաղաք Վալետան 2018 թվականին հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Իտալիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, համատեղությամբ Մալթայի դեսպան (նստավայրը Հռոմում) Վիկտորյա Բաղդասարյանը:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին եւ Մալթայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Զիգմունդ Միֆսուդին Մալթայում Հայկական մշակույթի օրեր կազմակերպելու եւ անցկացնելու համար:

Միջոցառումը կազմակերպել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝  Մալթայի մշակույթի, սոցիալական արդարության եւ տեղական ինքնակառավարման նախարարության, Հայաստանի մշակույթի նախարարության, Arts Council Malta-ի եւ Valletta-2018 Foundation-ի համագործակցությամբ:

Մշակութային միջոցառումները սկսվում են աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին նվիրված համերգով: Կհնչի Ջութակի եւ նվագախմբի համար կոնցերտը՝ Ղազախստանի ժողովրդական արտիստ, Ղազախստանի արվեստների ազգային համալսարանի ռեկտոր, ջութակահարուհի Այման Մուսախոջաեւայի կատարմամբ՝ Մալթայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, որը կղեկավարի դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Սմբատյանը:

Տեղի կունենա հայ հայտնի դաշնակահարուհի Նարե Աղամանյանի համերգը՝ մալթացի երաժիշտների հետ: Նրանք կներկայացնեն հանրահայտ հայ ժամանակակից կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատրյանի, ինչպես նաեւ հայտնի մալթացի կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Մշակույթի օրերի շրջանակում նախատեսված են հայ ռեժիսորների ֆիլմերի ցուցադրություններ՝ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ եւ Հայաստանի ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի, Հայաստանի ժողովրդական արտիաստ Միքայել Պողոսյանի եւ երիտասարդ ռեժիսոր Նարեկ Սաֆարյանի:

Միջոցառումների շրջանակում տեղի կունենան ցուցահանդեսներ՝ նվիրված ականավոր հայ կոմպոզիտորներ Կոմիտասին եւ Արամ Խաչատրյանին, ինչպես նաեւ «Խաչքարեր» եւ «Քարերի գաղտնիքը» ցուցահանդեսները:

Տեղի կունենա Մալթայի Մեծ պաշարմանը նվիրված մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Մեծ պաշարման կերպարները» սիմֆոնիկ ցիկլի համաշխարհային պրեմիերան՝ Մալթայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ կատարմամբ:

Մալթայի շնորհալի երեխաները եւ Հայաստանից «Արվեստի եւ մշակույթի հիմնադրամի» կրթաթոշակառու երեխաները հանդես կգան համերգային ծրագրով:

Ելույթ կունենա նաեւ հայկական պարային «ARAXE» համույթը: PBS հեռարձակման ծառայության աջակցությամբ ելույթ կունենան Հայաստանից եւ Մալթայից «Եվատեսիլի» լավագույն կատարողները:

Խաչատրյանի անվան աշխարհահռչակ Տրիոն (Արմինե Գրիգորյան՝ դաշնամուր, Կարեն Շահգալդյան՝ ջութակ, Կարեն Քոչարյան՝ թավջութակ) ելույթ կունենա համերգային ծրագրով:

Մալթայում Հայաստանի մշակութային օրերը կեզրափակվեն THE MAGIC CELLO խորագրով համերգով, որը տեղի կունենա Միջերկրածովյան կենտրոնի Republic Hall-ում: Հանդես կգան Հայաստանի վաստակավոր արտիստ, Պ.Ի. Չայկովսկու անվան Միջազգային XIV մրցանակաբաշխության I մրցանակի դափնեկիր Նարեկ Հախնազարյանը՝ Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, որը կղեկավարի Սախալինի Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Տիգրան Հախնազարյանը: 

Նշենք, որ «Մոնտե Քրիստո» ընկերությունը հատուկ գինու շարք է թողարկել՝ նվիրված մալթա-հայկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին եւ Մալթայում Հայկական մշակույթի օրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ