News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր Ակնալիճ գյուղում գտնվող եզդիական սրբավայրում, եզդիները նշում էին իրենց նոր տարին՝ «Չարշամա սոր», կամ հայերեն թարգմանաբար՝ «Կարմիր չորեքշաբթի» կոչվող տոնը:

Հայաստանում այս տոնը երկար ժամանակ չի նշվել, սակայն 2014 թվականին «Սինջար եզդիների ազգային միություն» հասարակական կազմակերպության կողմից, առաջին անգամ նշվեց այն: Հիմա՝ տոնը նշելու համար, Հայաստան են գալիս ոչ միայն տարբեր մարզերից, այլ նաեւ արտերկրից: Տարբեր տարածաշրջանների եզդիները Չարշամա սոր տոնը տարբեր կերպ են նշում:

Ըստ եզդիական սուրբ տեքստերի, այն հրեշտակապետ Թաուսի Մալաքի տոնն է, որը նշվում է ապրիլ ամսվա 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը: Ըստ եզդիական ավանդույթի Նիսան (ապրիլ) ամիսը համարվում է տարվա «հարսը»: Այդ պատճառով եզդիներին արգելվում է այդ ամսին հարսանիք անել: Այսօր էլ, արդեն ավանդույթ դարձած տոնը Ակնալիճ գյուղում, Սուլթան Էզիդի անունը կրող եզդիական սրբավայրի մոտ, նշվում էր մեծ շուքով:

Միջոցառմանը ներկա էր նաեւ Ազգային փոքրամասնությունների հարցերի մասնագետ Նարինե Գուլյան, ով եզդիական համայնքին փոխանցեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը. «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ նոր տարվա՝ Թաուսե Մալաքի տոնի կապակցությամբ: Հայ եւ եզդի ազգերի բարեկամությունը դարերի պատմություն ունի, այդ բարեկամությունը ամրապնդվել է ինչպես համատեղ, խաղաղ աշխատանքով, այնպես էլ համատեղ պայքարով:

Դրա վառ վկայություններից են 1918 թվականի Մաիսյան հերոսամարտերը, որի հարյուրամյակը նշում ենք այս տարի: Նոր տարուն մաղթում եմ ձեզ հաջողություններ եւ ամենայն բարիք, թող գալիք տարին մեր երկրի բոլոր քաղաքացիների՝ մասնավորապես, Հայաստանի եզդիական համայնքի համար լինի խաղաղ եւ արգասաբեր տարի»,-ասվում էր Ս. Սարգսյանի՝ եզդիական համայնքին ուղղված շնորհավորական ուղերձում:

Տպել
Ամենաշատ