News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ոչ մի բացառիկ հանգամանք չի կարող արդարացում հանդիսանալ բռնությամբ անհետացման համար: Այս մասին հայտարարություն է տարածել «Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ փաստաբանական գրասենյակը:

Հայտարարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Սույն թվականի ապրիլի 22-ին ժամը՝ 11:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արցախի փողոցից  ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Մինչեւ սույն հաղորդագրության հրապարակման պահը՝ 2018 թվականի ապրիլի 23-ը՝ ժամը 10:00-ն, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից կամ գործընկերներից որեւէ մեկը հստակ տեղեկատվություն չունի Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրի մասին:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով եւ ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով»:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասի. «Մինչեւ ձերբակալման արձանագրությունը նրան հայտարարելն արգելանքի վերցված անձն իրավունք ունի`

(…)

5) իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին.

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Վարույթն իրականացնող մարմինն անմիջական վերադասի գրավոր համաձայնությամբ կարող է հետաձգել սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված նվազագույն իրավունքի իրականացումն անձին արգելանքի վերցնելու պահից առավելագույնը 12 ժամով, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ իրավունքի անհապաղ իրականացումը կարող է խոչընդոտել հանցագործության կանխմանը կամ խափանմանը կամ հանգեցնել ապացույցների ոչնչացման կամ վնասման»:

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝

«1. Ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման:

2. Ոչ մի բացառիկ հանգամանք` պատերազմական իրավիճակ կամ պատերազմի սպառնալիք, ներքին քաղաքական անկայունություն կամ այլ հասարակական ճգնաժամային իրավիճակ, չեն կարող արդարացում հանդիսանալ բռնությամբ անհետացման համար»:

Նույն կոնվենցիայի 2-ին հոդվածի համաձայն՝

«Սույն Կոնվենցիայի նպատակների համար բռնությամբ  անհետացում» է համարվում պետության թույլտվությամբ, աջակցությամբ կամ լուռ համաձայնությամբ գործող պետական պաշտոնյաների կամ մի խումբ անձանց կողմից իրականացված ձերբակալումը, կալանավորումը, առեւանգումը կամ ազատազրկման ցանկացած այլ տեսակ, որին հետեւում է ազատազրկման փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը թաքցնելը, որի արդյունքում անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս»:

Նույն կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝

«Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ հետաքննելու համար 2-րդ հոդվածում նշված գործողությունները, որոնք կատարվել են անձանց կամ մի խումբ անձանց կողմից` առանց պետության թույլտվության, աջակցության կամ լուռ համաձայնության, եւ պատասխանատուներին հանձնելու համար արդարադատությանը»:

Վերոնշյալից բխում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից խախտվում է ՀՀ քաղաքացու Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով եւ միջազգային պայմանագրերով նախատեսված հիմնական իրավունքները, ինչն անհամատեղելի է իրավական պետությանը բնորոշ սկզբունքներին եւ  արժեքներին:

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին՝ Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տրամադրել իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին: Միաժամանակ պահանջում ենք պետական մարմիններից պատասխանատվության ենթարկել մարդու եւ քաղաքացու վերը նշված հիմնական իրավունքների խախտումները թույլ տված պաշտոնատար անձանց»:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: երեկ՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սագսյանի եւ «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են: Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրն այս պահին անհայտ է:

Նշենք, որ գիշերը ժամը 00.00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 315-ի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ