News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը

Նախորդ հարյուր օրվա ընթացքում նոր կառավարությունից ակնկալել աննկարագրելի ձեռքբերումներ, սոցիալական բարելավում, կենսամակարդակի բարձրացում՝ անլուրջ է, եւ գիտակից մարդիկ նման հարց չեն դնում։ Այս մասին իր հոդվածում գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ նախկին խպատգամավոր Վահե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Նախորդ հարյուր օրվա ընթացքում նոր կառավարությունից ակնկալել աննկարագրելի ձեռքբերումներ, սոցիալական բարելավում, կենսամակարդակի բարձրացում՝ անլուրջ է։ Եվ գիտակից մարդիկ նման հարց չեն դնում։ Հարյուր օրում հնարավոր չէր երկրի հետագա զարգացման բոլոր հիմքերը դնել։ Եվ նման պահանջներ դնելը ազնիվ չէ։ Նույնիսկ հարյուր օրվա քննարկումն ինքը ֆորմալ բնույթ է կրում՝ այնքանով, որքանով ընդունված է դա անել։ Դրա կիրառական կարեւորությունը փոքր է։

Շատ ավելի կարեւոր է` հասկանալ 101-րդ օրվա անելիքը, հաշվարկել սցենարները՝ ինչ զարգացումներ են հնարավոր,   բարձրաձայնել ռիսկերը։ Մեր երկրում եւ մեր շուրջը կատարվողը շատ ավելի բարդ ու խորքային է, քան մենք պատկերացնում ենք։ Քաղաքական դաշտի դեֆոլտի, հանրային քննարկումների ապշեցնող պարզունակության եւ օր օրի ուժեղացող ագրեսիվության պայմաններում, մենք կարող ենք բաց թողնել պրոցեսներ, որոնց համար հետագայում ստիպված ենք լինելու չափազանց թանկ գին վճարել։

Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են։

Ի վերջո, երկրում ստեղծվել է նոր իրողություն, իսկ դա նշանակում է նոր զարգացումներ, նոր ապագա։ Իմ խորին  համոզմամբ՝ բանաձեւը հետեւյալն է՝ վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են։ Հինը փլվեց, որովհետեւ սպառվել էր, փլվեց, որովհետեւ հին էր՝ 21-րդ դարի չէր։ Հինն այլեւս չկա ու չի լինելու։ Բայց նորն ունի մի քանի տարբերակ։ Դրա մասին է պետք մտածել։ Կյանքը մեզ ստիպելու է դրանց անդրադառնալ՝ ինչքան էլ դրանք լինեն ոչ հաճելի, ինչքան էլ լայն զանգվածներն այս պահին հակված չլինեն քննարկման։ Մեզ սպասվող ապագայում կարող է լինել եւ՛ խաղաղություն ու պատերազմ, եւ՛ տնտեսական աճ ու տնտեսական կոլապս, եւ՛ ներքին համերաշխություն ու բոլշեւիզմ, եւ՛ նոր դաշնակիցներ ու խորը մեկուսացում, ...։ Այս տարբերակները հավասարաչափ հնարավոր են եւ կախված են մեզնից՝ այն բանից, թե ո՛ր պրոցեսները երկրում կգերիշխեն։ Վերջնարդյունքը մեկ օրում չի լինում, դա կախված է պրոցեսներից։ Օրվա ռեժիմով է պետք արձանագրել ու հասկանալ պրոցեսները, որ հնարավոր լինի խուսափել վատագույնից։ Կետ առ կետ պետք է նկատել միտումները եւ չվախենալ դրա մասին խոսել։ Մենք մեր հարթակում դա անելու ենք։ Այսօր ներկայացնում ենք առաջին երեք խնդիրները, մտահոգությունները.

Հանրության շերտերի բարիկադավորում

Մթնոլորտն է ստիպում, որ գոնե ինքնապաշտպանության համար տարբեր ուժեր, խմբեր, միավորներ, կլաններ, մեծ ընտանիքներ կառուցեն իրենց «բարիկադները»։ Տոտալ  ագրեսիվության մթնոլորտն ուղղակի ստիպելու է տարբեր շերտերի՝ կազմակերպել իրենց դիմադրությունը։ Անընդհատ  ստեղծվում եւ ստեղծվելու են կոնֆրոնտացիոն հարթակներ։ Ամեն մեկն ասում է իր «ճշմարտությունը»՝ անկախ թեմայից, եւ երկրում չկան երկխոսության հարթակներ։ Դրանք փլուզվել են։ Գուցե այս պահին սա դժվար նկատելի է, բայց որոշ ժամանակ անց ակնհայտ կլինի՝ իր վնասներով հանդերձ։ Այսպես շարունակվելու դեպքում ձեւավորվելու են գործիքներ, հարթակներ, որոնք միայն պաշտպանվելու եւ պատերազմելու համար են։ Ձեւավորվելու են պետություն չունեցող հասարակություններին բնորոշ մոդելներ, որտեղ միասնական պետական մտածողությունը եւ համակեցությունը տեղ չեն ունենալու։ Բոլորն ունենալու են ժամանակակից պայքարի գործիքները, եւ սկսվելու է քաոտիկ կռիվ՝ բոլորը բոլորի դեմ։ Եթե գնաց այս սցենարով, մի պահից չենք հասցնելու ֆիքսել՝ ո՛վ ում դեմ է կռվում, ո՛ր թելը ուր է տանում. պատճառը, սկիզբը, հետեւանքը՝ ամեն ինչ խառնվելու է։ Մենք ունենալու ենք մի իրականություն, որտեղ միասնական պետական հասարակական օրակարգին փոխարինելու են ցեղային, ընտանեկան եւ խմբակային օրակարգերը։ Ու սա կլինի շատ արագ։Պրոցեսը պետք է կանգնեցնել, եւ դա պետք է արվի հակառակ պրոցեսի խրախուսմամբ։

 Իմ առաջարկն է. ձեւավորել նոր՝ երկխոսության, պոզիտիվ եւ  առարկայական քննարկումների հարթակներ։ Ձեւավորել բանակցությունների, հրապարակային քննարկումների եւ պայմանավորվածությունների ֆորմատներ։ Դա կլինի իսկական հեղափոխական մշակույթ՝ քննարկել, բանակցել, գտնել լուծում։ Դրա նախաձեռնությունը, դրա առաջին քայլերը իշխանությունից պետք է գան ՝ հռետորաբանության վերանայումից մինչեւ ինստիտուցիոնալ լուծումներ։ Դրանից հետո մենք կտեսնենք, որ կմիանան շահագրգիռ եւ գիտակից շրջանակները, եւ այլ մթնոլորտ ու տրամաբանություն կլինի երկրում։ Հայաստանում կա շերտ, որը հասկանում է բեւեռացման վտանգավորությունը։ Կմիանան նրանք, ովքեր իսկապես հասկանում են, որ վերադարձ հնին այլեւս հնարավոր չէ, իսկ նորի տարբերակները շատ են, եւ պետք է մեծ ջանք գործադրել՝ լավ տարբերակների ընտրության համար։ Հրապարակների եւ սոցցանցերի աղմուկին աստիճանաբար պետք է փոխարինի խելամիտ ու հավասարակշիռ խոսքը։ Դրանից շահելու են բոլորը։

Հանել ուժայիններին բիզնեսից

Լայն զանգվածներին հաճելի է լսել այս կամ այն բիզնեսի անօրինականությունների եւ տուգանքների մասին։ Վայելել այս կամ այն տուգանքի չափը։ Նույնիսկ եթե չի հասկացվում, թե ինչի մասին է, միեւնույն է, հաճելի է։

 Բայց այն, ինչը մի փուլում հաճելի է լայն զանգվածներին, վաղը   բերելու է տնտեսական անկման, բիզնեսի ակտիվության անկման։ Փողը շատ վախկոտ միավոր է, ուղղակի կփախչի Հայաստանից։ Դրանից հետո այդ նույն լայն զանգվածները նոր իշխանությունից պահանջելու են աշխատավարձ եւ աշխատատեղ։ Սա պրոբլեմ է, որով 90-ականներին անցել են բոլոր հետխորհրդային եւ արեւելաեվրոպական երկրները, եւ բոլորը գտել են լուծումը՝ հանել ուժայիններին բիզնեսից։ Հակառակ դեպքում հաջորդ փուլերում ուժայիններն ուղղակի սերտաճելու են բիզնեսին։ ՊԵԿ-ի ցանկացած ստուգում սենսացիոն բացահայտում չէ, լրատվական սկանդալ չէ, կոռուպցիա չէ։ Ցանկացած անճշտություն թալան չէ, ցանկացած տուգանք թալանածը հետ բերել չէ եւ այլն։ Լրատվական կյանքը վերածվել է մի մեծ «02» -ի։ Այս պրոցեսը պետք է կանգնեցնել. բիզնեսը սիրում է կայուն, կանխատեսելի մթնոլորտ։ Ու կայուն, զարգացող բիզնեսն է ապահովելու աշխատատեղ ու աշխատավարձ։

Կենտրոնական կառավարման կորստի վտանգ

Կա մի քանի գործոն, որոնք կարող են հանգեցնել այս վիճակին, այդ թվում՝ տասնամյակների ընթացքում ձեւավորված իրողությունների՝ ոչ ամբողջական պատկերացումը եւ անփորձ  կառավարումը։

Ինչի մասին է խոսքը. ցանկացած մարզում, խոշոր բնակավայրում կան կլաններ, ֆինանսատնտեսական միավորներ, խոշոր ընտանիքներ։ Նրանք շատ արագ հարմարվելու են եւ արդե՛ն հարմարվում են նոր խաղի կանոններին։ Նրանցից յուրաքանչյուրը, ըստ նպատակահարմարության, ունենալու է իր «քաղաքացիական ակտիվիստներին», իր պսեւդո-էկոլոգների խմբերը, իր ընդդիմադիր գործիչներին, իր լրատվական կայքերը, իր իրավապաշտպանին, իր բլոգերներին, իր ֆբ-ականներին, իր ճանապարհ փակող խմբերին եւ այլն։ Այս միտումն արդեն իսկ այսօր կա, վաղն այն կրելու է շատ ավելի լուրջ, կազմակերպված բնույթ։ Իշխանությունը, եթե պահը բաց թողեց, վաղը ոչ մի գործիք չի ունենալու դրա դեմ պայքարի։

Եթե մինչ հեղափոխությունը կային ռեգիոնալ ֆեոդալներ, եւ իրենց շահերը միջնադարյան մեթոդներով էին պաշտպանում, հիմա դա անելու են 21-դարի մեթոդներով, բայց դրանից հարցի  վտանգավորությունը չի փոխվելու։ Նման գործիքներով կարելի է տապալել ցանկացած լավ նախագիծ, ցանկացած ընտրություն, ցանկացած բիզնես, ցանկացած ներդրում՝ ըստ նպատակահարմարություն։ Կարող է գալ մի պահ, որ կառավարութան շենքից ուղղակի երկիրը ամբողջապես հնարավոր չլինի կառավարել։ Հնարավոր չլինի տիրապետել պրոցեսներին։ Հենց այս պահին կան օրինակներ, որոնք փաստում են, որ այս գործընթացը, ցավոք, սկսվել է։ Սրա մասին պետք է շատ լուրջ մտածել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ընտրություն կեղծող իշխանությունը ներառական տնտեսական աճ ապահովելու խնդիր չի դրել. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի զարգացումն արգելափակած անկյունաքարային խնդիրը ընտրությունների ընթացքում ժողովրդի կամքի շարունակական ձեւախեղումն է...
Ամենաշատ
Partner news