News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հունվարի 22-ին, ժամը 19:00-ին Հայ-բրիտանական գործարարության պալատը (ABBC,  www.abbc.am) եւ Երեւանում Բրիտանական դեսպանատունը կազմակերպում են շոտլանդացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսին նվիրված բարեգործական երեկո` Բըրնսի ընթրիք:

Այն ոչ միայն ուրախ ժամանց է ներկաների համար, այլեւ բարեգործական նպատակներով գումար հավաքագրելու միջոց: Անցած տարիներին հանգանակված գումարներով մարզային ծննդատների համար ձեռք է բերվել 74 հազար դոլար արժողության ժամանակակից սարքավորում (Project Nova կազմակերպության հետ համատեղ), վերականգնվել է երկու նորածինների տեսողությունը (Հայկական Ակնաբուժության նախագծի հետ համատեղ), աջակցություն է տրամադրվել «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամին, «Զատիկ» մանկատանը ստեղծվել է Ռոբերտ Բըրնսի անվան երիտասարդական կրթական կենտրոն:  

Բըրնսի Ընթրիքը շոտլանդացիների համար ազգային տոնի արժեք ունի եւ ամեն տարի հունվարի վերջին նշվում աշխարհի տարբեր երկրներում: Ընթրիքի առանցքը շոտլանդական յուրահատուկ «հագիս» ուտեստն է, որը ավանդաբար Շոտլանդիայից Հայաստան է ժամանում Բըրնսի Ընթրիքից մի քանի օր առաջ՝ «հագիս» պատրաստող խոհարարի եւ շոտլանդացի պարկապզուկահարի ուղեկցությամբ:

Հունվարի 20-ին, ժամը 13:00-ին Հայաստանի Ժողովրդական արվեստի թանգարանում շոտլանդական պարկապզուկի ուրույն երաժշտության ներքո «հագիս» ուտեստը հանդիսավոր կհանձնվի Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Այնուհետեւ երաժշտական էստաֆետը կվերցնի հայկական «Բամբիռ» ռոք-խումբը, ներկայացնելով երգեր վերջերս լույս տեսած ARMENIAN SCOTCH ձայնասկավառակից, որում տեղ են գտել Ռոբերտ Բըրնսի եւ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները: Առաջին հայացքից տարօրինակ այս համադրումը բամբիռցիները բացատրում են այն բանով, որ երկու պոետներն էլ հումորով են, երկուսն էլ խոսում են ժողովրդական պարզ լեզվով:

Միջոցառումը կեզրափակի «Բամբիռ» խմբի եւ շոտլանդացի պարկապզուկահարի միացյալ երաժշտական համարը եւ կմատուցվի շոտլանդական վիսկի եւ հայկական կոնյակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ