News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Վրաստանի երրորդ նախագահ ու «Միասնական ազգային շարժում» կուսակցության հիմնադիր Միխայիլ Սահակաշվիլին հրապարակել է տեսաուղերձ, որտեղ շնորհավորել է Աջարիայի բնակիչներին հեղափոխության տարեդարձի կապակցությամբ։ Տեսանյութը հրապարակվել է Սահակաշվիլիի Facebook-ում , դրա բովանդակությունը փոխանցում է «Նովոստի Վրաստանը»։

Սահակաշվիլին նշել է, որ մայիսի 6-ը կարեւոր օր է ոչ միայն Աջարիայի, այլեւ ամբողջ Վրաստանի համար, քանի որ 14 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները դարձել են քայլ դեպի երկրի միավորում։

«2004-ի մայիսի 6-ին Աջարիայում ավարտվել է ֆեոդալական կառավարումը, ավարտվել են անջատողական ելույթները ու ձեռնարկվել է կարեւորագույն քայլ դեպի Վրաստանի միավորում։ Այդ ամենն արել են իրենք աջարացիները, այդ ամենն արել է սովորական, բայց շատ յուրահատուկ ժողովուրդը, ու ես անսահման շնորհակալ եմ ձեզ։ Սա ձեր տոնն է ու ամբողջ Վրաստանի տոնը»,- ասել է Սահակաշվիլին։

Սահակաշվիլին, որին արտաքսել էին Ուկրաինայի տարածքից, հիմա Հոլանդիայում է գտնվում։ Իր տեսաուղերձում, որը տեսագրվել է ամստերդամյան տեսարանների ֆոնին, նա նշել է , որ ուրախ կլիներ Աջարիայի բնակիիչներին հեղափոխության կապակցությամբ  շնորհավորել Բաթումիի բուլվարից։

«Մենք կհաղթահարենք այս ամենը։ Մենք վերջ կտանք Թբիլիսիում ֆեոդալական կառավարմանը, այնպես ինչպես վերջ տվեցինք Աջարիայում։ Մենք Վրաստանին կվերադարձնենք զարգացման ուղի, մենք վերջ կտանք մարդկանց աղքատությանը, մենք թափ կհաղորդենք զբոսաշրջության զարգացմանը»,- հայտնել է նա ։

2004-ի մայիսի 6-ին բազմահազարանոց բողոքի ակցիաների ֆոնին Վրաստանից հեռացել էր Աջարիայի նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեն, որը 1991-ից սկսած ղեկավարում էր Աջարիան։

2004-ին, ձգտելով պահպանել իշխանությունը, Աբաշիձեն մոբիլիզացիա է հայտարարել Աջարիայում, կանգնել է երկաթգծային հաղորդակցությունը, պայթեցվել են ավտոմոբիլային կամուրջները, որոնք Աջարիան կապում էին Վրաստանի մյուս մասերի հետ։

2004-ի մայիսի 2-ին նախագահ Սահակաշվիլին Աբաշիձեին վերջագիր է ներկայացրել ՝ 10 օրում զինաթափել ապօրինի խմբավորումները։ Եւս երկու օր անց Աջարիայում սկսվել են Աբաշիձեի դեպ բողոքի ցույցեր։ Մայիսի 5-ին Սահակաշվիլին հայտնել է, որ Աջարիայում հաստատվել է իր ուղղակի կառավարումը ու խոստացել է Աբաշիձեին անվտանգության երաշխիքներ, եթե նա հրաժարական տա։

Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններից հետո Ասլան Աբաշիձեն մայիսի 6-ին լքել է Վրաստանը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի օդանավով։

2006-ի մարտին Աբաշիձեի դեմ Վրաստանում մեղադրանք է առաջադրվել ՝ 1991-ին Աջարիայի խորհրդարանի փոխնախագահ Նոդալ Իմնաձեի կանխամտածված սպանության համար։ 2007-ի հունվարի 22-ին Բաթումի քաղաքային դատարանը հեռակա Ասլան Աբաշիձեին 15 տարվա ազատազրկման է դատապարտել ու մոտ 60 մլն դոլարի տույժի։ Նրա հանդեպ նաեւ Ինտերպոլի գծով միջազգային խուզարկություն է հայտարարվել։

Վրաստանում իշխանափոխությունից հետո՝ 2012-ին Ասլան Աբաշիձեի գործը որոշել են նորից քննել։ Հետաքննությունն ավարտվել է մեկ տարի անց ու 2016-ի օգոստոսին Աբաշիձեն հեռակա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

79-ամյա Աբաշիձեն հիմա ապրում է Մոսկվայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ