Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի գիշերային ակումբներում ոստիկանների ստուգումների դեմ բողոքող երիտասարդներին առաջարկել է  «միասին դուրս գալ մարտի դաշտ եւ պայքարել թմրամիջոցների շրջանառության  եւ թմրանյութեր վաճառողների դեմ», հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

 «Ձեզ ոչ ոք չի առաջարկում ընկերական հանդիպում անցկացնել...ես ձեզ բոլորիդ՝ քույրեր եւ եղբայրներ, առաջարկում եմ միասին դուրս գալ մարտի դաշտ եւ պայքարել թմրամիջոցների շրջանառության  եւ թմրանյութերի վաճառողների դեմ: Այս ամենը լուրջ վնաս է հասցնում: Մենք կորցնում ենք մեր երեխաներին, եղբայրներին, քույրերին, մեր համաքաղաքացիներին: Ես վստահ եմ, որ երիտասարդության հետ միասին, որն այսօր դուրս է եկել, մենք կարող ենք պայքարել եւ հաղթել թմրանյութեր վաճառողներին», — ասել է Կալաձեն:

Նա հավելել է, որ «Սպիտակ աղմուկի» ակտիվիստների այսօրվա պահանջը՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականի վերաբերյալ, «արվել է զգացմունքային ֆոնի վրա»:

Կալաձեն ակտիվորեն զարգացնում է Թբիլիսիի գիշերային տնտեսության զարգացման իր նախագիծը: Քաղաքապետը խոստանում է Վրաստանի մայրաքաղաքը վերածել «24/7 ռեժիմով ապրող քաղաքի»՝ օգտագործելով Նյու Յորքի, Փարիզի, Բարսելոնի, Բեռլինի եւ Լոնդոնի փորձը:

Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ «Սպիտակ աղմուկի» ակտիվիստները կոչ էին արել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին  Թբիլիսիի գիշերային ակումբներում ոստիկանական արշավների հետ կապված հատուկ հայտարարությամբ հանդես գալ:

Դատարանի որոշման հիման վրա Թբիլիսիի երկու հայտնի գիշերային ակումբներում` Bassiani եւ Cafe Gallery-ում, անցյալ գիշեր կատարվել են խուզարկություններր, որոնց հետեւանքով ՆԳՆ-ի աշխատակիցները ձերբակալել են թմրանյութերի ութ վաճառողների: Կալաձեի խոսքով՝ դեռ կան 6 ձերբակալվածներ:

«Սպիտակ աղմուկ»-ի ակտիվիստները Վրաստանի վարչապետին վերջնագիր են ներկայացրել (ֆոտո)

Թբիլիսիում բողոքի ակցիաների ընթացքում ակտիվիստները պահանջել են վարչապետի եւ ՆԳ նախարարի հրաժարականը

«Դուրս արի հանուն մեր ազատության»` «Սպիտակ աղմուկի» ակցիան Թբիլիսիում (ֆոտո)