News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ապրող հայ գործարարներին կոչ է արել ներդրումներ անել Հայաստանում։ Քիչ առաջ Փաշինյանը ժամանեց Սոչի: Անմիջապես օդանավակայանից Նիկոլ Փաշինյանն ուղեւորվեց Ադլերի Սբ. Սարգիս հայկական եկեղեցի. այստեղ Հայաստանի վարչապետին դիմավորեցին ՀԱԵ Ռուսաստանի հարավային Հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր հայրերը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Սոչիից:

Կառավարության ղեկավարը կատարել է մոմավառություն եւ ծաղիկներ դրել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարերի մոտ:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եղբայրական Ռուսաստանին, որ նման պայմաններ են ստեղծվել հայ ժողովրդի համար: Բայց ուզում եմ ասել, որ մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է: Մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, հոգեւոր, գիտական ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացնելն է, ու նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը: Ես Սոչիի հայերին ու գործարարներին, Ռուսաստանի հայ եւ ռուս, բոլոր գործարարներին կոչ եմ անում, որ գան Հայաստան եւ անեն ներդրումներ, ստեղծեն աշխատատեղեր»,- հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ունեցած ելույթում հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Դիմելով հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Բոլորիդ ողջունում եմ եղբայրական Ռուսաստանի Սոչի քաղաքում եւ ցանկանում ասել, որ հպարտ եմ ձեզնով: Ողջ քաղաքական մեր գործընթացի ընթացքում զգացել եմ ձեզնից յուրաքանչյուրի շունչը, աջակցությունը, եւ այս հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրի հաղթանակն է, սրանից հետո հայ ժողովուրդը լինելու է հաղթող, հայ ժողովուրդն ի վերջո վերադառնալու է իր հայրենիք:  

Նրա խոսքով՝ սա նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում երաշխավորված է լինելու, եւ որեւէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո: «Սա մեր ժողովրդի եւ մեր պետության աստեղային ժամն է: Այսօր մեր պետության հեղինակությունը բարձր է, քան երբեւէ: Ստեղծված են բոլոր պայմանները, որ մենք ապրենք եւ երջանիկ լինենք մեր հայրենիքում»,- նշեց Փաշինյանն ու հավելեց. «Ես այսօր այստեղ տեսա բազմաթիվ մարդկանց, ում վերջին անգամ տեսել էի Երեւանի Հանրապետության հրապարակու: Հայ ժողովուրդը լի է էներգիայով՝ շենացնելու իր հայրենիքը՝ Հայաստանը եւ Արցախը»:

«Ուզում եմ ասել, որ ոչ ոք չկասկածի, որ այս պրոցեսը ամեն րոպե, ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի նոր հաղթանակներ է բերելու: Եվ ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեք դուք եւ ձեր երեխաները, որ շատ շուտով ապրելու եք ազատ եւ երջանիկ Հայաստանում: Եվ ուզում եմ ասել, որ չկա որեւէ կասկած, որ հայ-ռուսական հարաբերությունները լինելու են շատ ավելի ամուր, շատ ավելի դաշնակցային, շատ ավելի եղբայրական»,- ասաց է Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ վաղվա հանդիպումները շատ արդյունավետ են լինելու:

«Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ք դուք եւ ձեր երեխաները, որ շատ շուտով ապրելու եք ազատ եւ երջանիկ Հայաստանում: Չկա որեւէ կասկած, որ հայ-ռուսական հարաբերությունները լինելու են շատ ավելի ամուր, ավելի դաշնակցային եւ եղբայրական»,-ընդգծեց նա:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 13-14-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նիստի շրջանակում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

ԵՏՄ բարձրագույն նիստի շրջանակում Հայաստանի վարչապետը կմասնակցի ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի՝ նեղ եւ ընդլայնված կազմերով նիստերին: Նիկոլ Փաշինյանը նաեւ առանձնազրույցներ կունենա ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի, ինչպես նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news