News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԻՊ աշխատակազմի՝ 2017 թվականի ընտրական գործընթացների դիտարկման արդյունքներով արձանագրվել են տեղեկություններ ու դեպքեր ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2017-ի հաշվետվությունը ներկայացնելիս նշեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրություններով արձանագրվել են հանրային ծառայողների, այդ թվում՝ հանրակրթական դպրոցների աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելու, ինչպես նաեւ ընտրական գործընթացի մասնակցի օգտին քվեարկելու նպատակով ընտրողներին վախեցնելու դեպքեր:

«Այս իրողությունները բացասական ազդեցություն ունեցան ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից, ինչպես նաեւ առաջ բերեցին մտահոգություններ՝ ընտրողների կողմից իրենց ազատ կամքի արտահայտման վերաբերյալ»,- զեկույցը ներկայացնելիս նշեց Արման Թաթոյանը:

ՄԻՊ աշխատակազմն այդ օրերին նաեւ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքեր է արձանագրել: Մանրամասն քննարկվել եւ զեկույցում գնահատական է տրվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից տարածված 114 հայտնի ձայնագրություններին՝ դպրոցներում եւ մանկապարտեզներում իրավիճակի հետ կապված:

Զեկույցում արձանագրվել են նաեւ խնդիրներ՝ կապված սոցիալական ապահովության իրավունքի հետ. խոսքն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի նշանակման, աշխատանքային ստաժի հաշվարկման եւ այլնի մասին է: «Պարոն Պետրոսյանը բազմիցս բարձրացրել է անկախ մարմնի ստեղծման հարցը: Մենք նույնպես այս տարվա զեկույցում բարձրացրել ենք այդ հարցը եւ նշել, որ այս առումով խնդրահարույց է անկախ, կոնկրետ լիազորություններ ունեցող արդարադատական մարմնի բացակայությունը»,- նշեց պաշտպանը:

Արման Թաթոյանը նաեւ ընդգծեց, որ 2017թ. ՄԻՊ միջազգային հեղինակությունը, ինչպես նաեւ միջազգային կառույցներին ներգրավվածությունը շեշտակիորեն աճել է: «Հեղինակավոր կազմակերպությունների կողմից մենք ճանաչվել ենք որպես լավագույն փորձ ունեցող կառույց, լավագույններից ենք Եվրախորհրդի տարածքում: Մենք ընդգրկվել ենք նաեւ մի ծրագրում, որ մեր փորձը արեւմտյան եվրոպական պետությունների հետ միասին ներդրվում է այլ երկրներում»,- ամփոփեց Թաթոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ