News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետարանի շենքում, որտեղ բազմաթիվ ցուցարարներ կան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով, հայտնվել են շուրջ մեկ տասնյակ մարդիկ, որոնք ի պաշտպանության Տարոն Մարգարյանի պաստառներ ունեն ձեռքներին:

Նրանց ձեռքին «Իմ քաղաքապետը Տարոն է» մակագրությամբ եւ Տարոն Մարգարյանի նկարով գունավոր նկարներ են: Նրանք գտնվում են քաղաքապետարանի նույն հարկում, որտեղ գտնվում են ցուցարարները, սակայն միմյանց չեն խանգարում:

Քաղաքապետարանի շենքի մոտ, դրսում եւս կան Տարոն Մարգարյանի կողմնակիցներ, որոնք վանկարկում են «Տարոն, Տարոն»:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Ալեքսանդր Մյասնիկյան արձանի հետնամասի այգում ավելի քան 25 ծառեր հատելու դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները մտել են քաղաքապետարանի շենք եւ պահանջում են հանդիպում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Նրանք պահանջում են քաղաքապետի հրաժարականը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, հայտնելով, որ տեղի է ունեցել անօրինական ներխուժում քաղաքապետարանի շենք: Ոստիկանապետն էլ արձագանքել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին համացանցում լուսանկարներ էին տարածվել, որում պատկերված է Երեւանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների հրապարակը: Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:

«Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին, Երեւանի ավագանու որոշմամբ, հավանություն է տրվել Երեւան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու եւ Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երեւան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:

Բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաեւ հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական եւ տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը եւ վերանորոգումը, ինչպես նաեւ կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը», - ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Տպել
Ամենաշատ