News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին:

Ողջունելով հյուրին՝ Սփյուռքի նախարարը կարեւորեց պետության եւ եկեղեցու միջեւ առկա սերտ կապերի պահպանումն ու զարգացումը: «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իր տեսակի մեջ եզակի էր, խաղաղ ու անցնցում: Սա արձանագրեց նաեւ ողջ աշխարհը: Հանրությունը անցումային այս փուլում մեզնից մեծ սպասելիքներ ու ակնկալիքներ ունի: Շատ ուրախ եմ, որ Ձեր պետական մտածելակերպով մեր կողքին եք, եւ վստահ եմ, որ եկեղեցու հետ մեր փոխհարաբերությունները մեծ ապագա ունեն»,-նշեց Մխիթար Հայրապետյանը:

Շնորհավորելով նորընտիր նախարարին պաշտոնը զբաղեցնելու առթիվ՝ Գերաշնորհ Տեր Նաթան արք. Հովհաննիսյանն ընդգծեց, որ Մայր Աթոռը մշտապես սերտ համագործակցել է Սփյուռքի նախարարության հետ, եւ այդ համագործակցությունը կշարունակվի ու կխորանա: «Ես բարձր եմ գնահատում երիտասարդության դերը: Ուրախ եմ Ձեզ այստեղ տեսնել: Մարդուն օժտվածությունը ի վերուստ է տրվում, իսկ տարիքը միայն հղկում է այն: Վստահ եմ՝ Ձեր օժտվածությամբ կնպաստեք մեր երկրի բարօրությանը»,-ընգծեց նա:

Հանդիպման ավարտին քննարկվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  եւ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 22-ին կայանալիք «Հայաստանի Հանրապետության եւ հայ եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում» խորագրով գիտաժողովին առնչվող հարցեր:

Գիտաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակներին:

Տպել
Ամենաշատ