News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռերի» գործով դատական նիստը նույնպես մեկ շաբաթով հետաձգվել է: Դատավոր Արշակ Վարդանյանը հայտնել է, որ ոստիկանության ուղեկցող գումարտակի ծանրաբեռնվածության պատճառով ամբաստանյալները դատարան չեն բերվել: Երեկ նույն պատճառաբանությամբ նիստը հետաձգելու որոշում էր կայացրել նաեւ գործի մյուս մասը վարող Արտուշ Գաբրիելյանը: Նշենք, որ 3-րդ օրն է՝ «Սասնա ծռերի» աջակիցները փակել են դատարանի մուտքերը. «Սասնա ծռերի» 11 անդամները մայիսի 16-ից դատարանի շենքում են: Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանն էլ մեր թղթակցին ասել է, որ վարչապետի հետ երեկ հանդիպել են, իրենց խնդիրը լուծելու վերաբերյալ խոստումներ ստացել, սակայն սպասում են գործնական քայլերի: Դրանից հետո միայն կհեռանան դատարանի հարակից տարածքից:

Միաժամանակ, այսօր «Սասնա ծռերի» անդամներից Արայիկ Խանդոյանի եւ Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը վատացել է, «Շտապօգնություն» է հրավիրվել դատարանի շենք: Բժիշկը զննումից հետո հայտնել է, որ նրանց վիճակը կայուն է: Նշենք, որ Խանդոյանն ու Բիլյանը քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հացադուլ են հայտարարել:

Գլխավոր դատախազության դիմաց այսօր ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների բողոքի ակցիա է անցկացվել: Ցուցարարները, սակայն, միայն Սամվել Բաբայանի ազատ արձակման ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով պաստառներով են եղել: Այնուհետեւ նրանք երթով շարժվել են դեպի Վճռաբեկ դատարան: Բաբայանի աջակիցներից Անդրանիկ Թեւանյանը հայտարարել է, որ Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանի գործը չի ընդունում վարույթ, իսկ նրանց հետ հանդիպման եկած դատավոր Սերժիկ Ավետիսյանը ներկայացրել է Վճռաբեկի կողմից գործերի ընդունման կարգը: Թեւանյանը, սակայն, հայտարարել է, որ իրենց պահանջն է՝ հնարավորինս սեղմ ժամկետում քննել բողոքը: Ակցիայի կազմակերպիչներին դատավորի պարզաբանումը չի բավարարել, եւ Անդրանիկ Թեւանյանը հայտարարել է, որ բողոքելու են այնքան, մինչեւ կատարվի իրենց պահանջը:

Կրթության նախարարը Երեւանի թիվ 189 դպրոցում դրամահավաքի դեպք է բացահայտել: Արայիկ Հարությունյանը դպրոց է այցելել ծնողներից մեկի ահազանգով: Հավաքվածներից ոչ ոք այդպես էլ չի խոստովանել: Փոխարենը նախարարին ասել են, թե ցանկացել են իրենց երեխաների «Վերջին զանգի» կապակցությամբ փոքրիկ միջոցառում կազմակերպել, եւ գումարը հավաքել են ծաղիկների, փուչիկների եւ զանգերի համար: Մթնոլորտը թեժացել է, երբ ծնողներից մեկը հայտարարել է, թե այդ գումարից նաեւ տնօրենին պետք է բաժին հասներ: Տնօրենը զարմացել է ու հայտարարել, որ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում նույնիսկ մեկ ծաղիկ չի ստացել:

Արմավիրում զանգվածային թունավորման դեպքով լաբորատոր հետազոտությունների առաջին արդյունքները ստացվել են. հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում սալմոնելոզի հարուցիչներ են հայտնաբերվել: Սննդի, շրջակա միջավայրի լվացուկների եւ ջրի հետազոտությունները դեռեւս ընթացքի մեջ են: Փաստորեն, սննդային թունավորման վարկածը հաստատվում է: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել: Նշենք, որ ընկերության աշխատակիցները՝ շուրջ 200 մարդ, ընդմիջմանը հավի մսով, պանրով եւ կարտոֆիլով համբուրգեր են կերել: Շուրջ մեկուկես ժամ անց նրանց մեծ մասի ինքնազգացողությունը գրեթե միաժամանակ վատացել է: Ընկերությանը սնունդ մատակարարող «Ալվինա Մելքոնյան» ձեռնարկության գործունեությունը կասեցվել է:

Առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ բուժօգնության դիմած 88 հիվանդներից 63-ն արդեն դուրս է գրվել, 25-ը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ: Բոլորի վիճակը թեթեւ եւ միջին ծանրության է: Հավելենք նաեւ, որ բոլոր տուժածներն Արմավիրի Արեւադաշտ գյուղի մերձակայքում խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցներ են. այն պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:

Կարո Փայլանի դեմ կարող է գործ հարուցվել: Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է նրա դեմ տխրահռչակ 301-րդ հոդվածով գործ հարուցել: «Թուրք ազգին վիրավորելու» հայազգի պատգամավորին քրեական հետապնդման հայցով դատախազություն է դիմել Գիրեսունի համալսարանի նախկին ռեկտորը: Այգուն Աթթարը որպես հայցի հիմք ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին Փայլանի հայտարարությունները: Նախարարության թույլտվությունից հետո դատախազությունը դիմել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությանը՝ Կարո Փայլանին անձեռնխելությունից զրկելու համար: Հիշեցնենք, որ այդ հոդվածով մեղադրանք էր առաջադրվել նաեւ Հրանտ Դինքին, ինչին հետեւեց լրագրողի սպանությունը:

Իրավապահները ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մի քանի տասնյակ «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների են բերման ենթարկել: Նրանց թվում է նաեւ Երեւանի 43-ամյա բնակիչ, նախկինում դատված Ս.Հ.-ն, ով, պարզվում է, մի քանի օր առաջ է Ուկրաինայից Հայաստան վերադարձել: Ըստ տեղեկությունների՝ իրավապահները երկու օր է՝ իսկական գրոհ են ձեռնարկել քրեական հեղինակությունների դեմ. նրանց ոստիկանություն են հրավիրել եւ հորդորել չփորձել քրեորեն պատժելի գործողություններ կատարել: Ոստիկանության այս գործողությունների պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

Մաշտոցի 47-ում այսօր նախագահական նստավայրի համար արտասովոր հյուրերի են ընդունել. Արմեն Սարգսյանը մի խումբ երեխաների հրավիրել էր միասին պաղպաղակ ուտելու: Նախագահին, կարծես, հաճույք է պատճառել Հայաստանի փոքրիկ քաղաքացիների հետ ժամանցը: Նա մտադիր է սա ավանդական դարձնել եւ պաղպաղակ ուտելու հրավիրել նաեւ երեխաների հանրապետության հեռավոր բնակավայրերից:

Դոլարի ու եվրոյի արժեզրկմանը միացել է նաեւ ռուբլին: Մայիսի 18-ին դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 569, ռուբլունը՝ 7 դրամ 76 լումա, ֆունտինը՝ 651 դրամ:

Մայիսի 19-ին հանրապետության հյուսիսային շրջաններում, 20-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 19-ին 1-2 աստիճանով կբարձրանա, 20-21-ին՝ 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ