News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ կարճատեւ առանձնազրույցից հետո կայացել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ նման բարձր մակարդակի պաշտոնական այցերը նպաստում են երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Նրա խոսքով, երկու ժողովուրդների պատմական բարեկամության լավագույն արգասիքը Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա լիակատար փոխըմբռնումն ու փոխաջակցությունն են:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի համոզմամբ, երկու ժողովուրդներն էլ մշտապես հիմնվել եւ հիմնվում են համամարդկային արժեքների ու սկզբունքների վրա եւ նաեւ դրա շնորհիվ է, որ կարողացել են դիմագրավել բոլոր փորձություններին:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պատմական ամուր հիմքի եւ փոխադարձ հարգանքի վրա ձեւավորված հայ-կիպրական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Արմեն Սարգսյանը եւ Դեմետրիս Սիլուրիսը կարեւորել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը եւ տնտեսական կապերի հետագա զարգացումը՝ հատկապես զբոսաշրջության, ծառայությունների եւ բանկային ոլորտներում: Կողմերն ընդգծել են նաեւ գիտակրթական ոլորտում համագործակցության եւ փոխանակման ծրագրերի կարեւորությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի իշխանություններին ու ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկը ճանաչելու եւ անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին օգնության ձեռք մեկնելու՝ ապաստան տրամադրելու, ապրելու եւ արարելու հնարավորություն ընձեռելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման ու կիրառման կարեւորությանը:

Դեմետրիս Սիլուրիսը կիպրական կողմի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ընթացող բանակցություններին: Իր հերթին Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել այս հարցում Կիպրոսի կառուցողական եւ հավասարակշռված դիրքորոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Partner news