News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին 2-րդ մեղադրանքն է առաջադրվել՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ:

Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի գործով: NEWS.am-ի հետ զրույցում քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել առանց որեւէ ապացույցի, պարզապես այն բանի համար, որ նա այնտեղ է եղել:

«Դավիթ Համբարձումյանը բացատրություն է տվել, պատմել, թե ինչ է արել այդ օրն այնտեղ: Նա տեսել է ժողովրդին, կանգնել, զրուցել եւ գնացել: Քանի որ խուլիգանություն անողները դիմակներով են եղել, հավաքվածներն էլ ճանաչել են Դավիթին, որ կանգնել, զրուցել է իրենց հետ, ընդամենը դա են նշել եւ դրա հիման վրա Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Շատ ծիծաղելի է, որովհետեւ իմ պաշտպանյալը ոչինչ չի արել, միջադեպն էլ իր ներկայությամբ չի եղել: Այս ամբողջն արվել է, որ երկու գործ իրար միացվի պարզապես»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում բախում էր տեղի ունեցել, հնչել էին կրակոցներ: Հենց այս գործի շրջանակում էլ մեղադրանք է առաջադրվել Դավիթ Համբարձումյանին: Խափանման միջոց չի ընտրվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:

Այդ փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանին, 22-ամյա Գեւորգ Համբարձումյանին, 30-ամյա Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:

Հունիսի 2-ին դատարանը որոշել է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին եւ նրանք ազատ են արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ