News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը ձերբակալվել է: Ձերբակալության որոշումը մի քանի օր առաջ է կայացվել, սակայն ոստիկանությունը չէր կարողանում հայտնաբերել նրան: Հատուկ քննչական ծառայության տեղեկացմամբ՝ Ամիրյանն անձամբ է ներկայացել նախաքննական մարմին: Նրան կասկածում են անհայտ աղբյուրից մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ Մանվել Գրիգորյանի հետ իրենց առանձնատներում ապօրինի կերպով պահելու մեջ:  

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին: Դավիթ Խաժակյանի պնդմամբ՝ Մարգարյանն արդեն գրել է դիմումը, որը, սակայն, դեռ չի հրապարակվել, քանի որ մի քանի հարցեր պարզաբանման կարիք ունեն: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նախօրեի նիստին Տարոն Մարգարյանը ներկա չէր: Փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասաց, որ առողջական խնդիրներ ունի, սակայն Դավիթ Խաժակյանը Մարգարյանի բացակայությունը կապում է հրաժարականի որոշման հետ: Իսկ քաղաքապետարանում չեն հաստատում այս լուրը: Լրատվության վարչության պետն ասում է՝ նման տեղեկություն չունի:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ սկանդալ է հասունացել: Հայկ Դեմոյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ կրթության նախարարին մեղադրել է իր բացակայության ժամանակ իր աշխատասենյակ ներխուժելու մեջ: Ըստ Դեմոյանի՝ Արայիկ Հարությունյանն իր տեղակալի հետ նույնիսկ խորհրդակցություն է հրավիրել եւ հայտարարել, որ Դեմոյանի մուտքն այլեւս արգելված է թանգարան: «Չթուլանաք հանկարծ ու մի՛ հաբռգեք, ձեզ պարացնելու ենք»,- սոցցանցում գրել է Հայկ Դեմոյանը: Նա նաեւ խոստացել է նախարարի եւ փոխնախարարի վերաբերյալ ուշագրավ բացահայտումներ անել:

Մեղադրանքներին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ Դեմոյանի ասածն իրականությանը չի համապատասխանում, իսկ հիմնադրամ դառնալուց հետո թանգարան-ինստիտուտի տնօրենն այլեւս Հայկ Դեմոյանը չէ: Նախարարն ասում է՝ Դեմոյանը Ցեղասպանության ինստիտուտի ժամանակավոր պաշտոնակատարին ստիպել է ազատման դիմում գրել, իսկ ինքն եկել ու «բազմել» է տնօրենի սենյակում: Հարությունյանը Դեմոյանին լրջանալու եւ սթափվելու կոչ է արել՝ նշելով, որ նախարարությունը պատրաստվում է ոստիկանություն դիմել:

Կրկին Հայաստան է այցելել ամերիկահայ հայտնի գործարար, Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը: Instagram-ի իր էջում Օհանյանն օրվա ընթացքում լուսանկարներ է հրապարակել Հայաստանի տարբեր վայրերից: Ընդամենը մեկ օրով եկած Օհանյանը հասցրել է նաեւ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ալեքսիսն ասել է՝ երբեք այսքան հպարտ չի եղել, որ հայ է, ապա ընդգծել, որ ուրախ կլինի նպաստել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:

Ադրբեջանական Լենքորանում 4.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Ստորգետնյա ցնցումները թույլ, բայց զգացվել են նաեւ Արցախում: Հադրութում երկրաշարժը զգացվել է 2-3, մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 2 բալ ուժգնությամբ:

Հունիսի 29-ից Երեւանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 40 աստիճան: Նույնպիսի ջերմաստիճան կդիտարկվի նաեւ Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում: Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի ղեկավարն ասում է՝ ջերմաստիճանային այս ֆոնը պայմանավորված է Իրանի տարածքից եկող օդի տաք հոսքերով: Այն կպահպանվի մինչեւ հուլիսի 2-ը: Իսկ հուլիսին եւ օգոստոսին, ի տարբերություն անցյալ տարվա, անդադար անոմալ տաք եղանակ չի լինի:

Գագիկ Սուրենյանը նաեւ զգուշացրել է հրդեհի մեծ վտանգի մասին: Նա բնակչությանը կոչ է արել զգոն լինել, որպեսզի անցյալ տարվա անտառային հրդեհների իրավիճակը չկրկնվի: Շոգից «փրկվելու» համար էլ մի քանի խորհուրդ ունեն առողջապահության նախարարության մասնագետները:

Հունիսի 27-ին դոլարն ու եվրոն շարունակել են արժեզրկվել: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 561, ռուբլունը՝ 7 դրամ 62 լումա, ֆունտինը՝ 637 դրամ:

Հունիսի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն լինի: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +22+24, ցերեկը՝ +37+39 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ