News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Այն, որ Գերմանիան ԵՄ առաջին երկիրն է, ուր ես պաշտոնական այց եմ կատարում իմ ներկա կարգավիճակում, խոսուն փաստ է եւ լավագույնս է բնորոշում մեր գործընկերությունը: Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այս մասին ասել է այսօր՝ հունիսի 29-ին Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առկա է հագեցած եւ լայն օրակարգ, երկու երկրները համագործակցում են բազմաթիվ ուղղություններով եւ տարբեր միջազգային հարցերի առնչությամբ ունեն համահունչ դիրքորոշումներ ու փոխըմբռնում. «Պատահական չէ, որ Գերմանիան ԵՄ առաջին երկիրն է, ուր ես պաշտոնական այց եմ կատարում իմ ներկա կարգավիճակում. դա ինքնին խոսուն փաստ է եւ լավագույնս է բնորոշում մեր գործընկերությունը»:

Նա  գերմանացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, կառավարության հանձնառությունը՝ շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդմանը, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում հավասարության եւ արդարության երաշխավորմանը, կոռուպցիայի դեմ աներեր պայքարին։

Պաշտոնակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ հայ-գերմանական կապերը դինամիկ զարգանում են: Բանակցությունների օրակարգում են եղել մշակութային եւ գիտակրթական բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ քայլերը: Զոհրաբ Մնացականյանը նաեւ բարձր է  գնահատել Հայաստանում Գյոթեի կենտրոնի գործունեությունը՝ հույս հայտնելով, որ այն ապագայում կընդլայնի իր գործունեությունը։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել հայ-գերմանական առեւտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Այս առնչությամբ նախարարը բարձր է գնահատել գերմանական միջազգային համագործակցության գործակալությունների՝ GIZ-ի եւ KFW-ի գործունեությունը Հայաստանում: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ԵՄ երկրների շարքում Գերմանիան ավանդաբար հանդիսանում է Հայաստանի խոշորագույն գործընկերներից մեկը, որն ակտիվորեն ներկայացված է հայաստանյան տնտեսության մեջ: Երկկողմ տնտեսական փոխգործակցության համատեքստում ընդգծվել է «Քրոնիմեթ», «Սիմենս» եւ այլ ընկերությունների գործունեությունը Հայաստանում։  

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւորությունը՝ հույս հայտնելով, որ ԵՄ մյուս անդամ երկրների պես Գերմանիան եւս շուտով կվավերացնի համաձայնագիրը:

ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը՝ ընդգծելով այդ ուղղությամբ առաջ գնալու անհրաժեշտությունը ժողովուրդների միջեւ կապերը խրախուսելու տեսանկյունից:

Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն համաձայնեցված ձեւաչափի շրջանակում հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ նշելով, որ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի եւ անվտանգության հարցերը հանդիսանում են առաջնահերթություններ: Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարար Մնացականյանը կարեւորել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորումը՝ այդ համատեքստում ընդգծելով, որ եվրոպական գործընկերները պետք է աչալուրջ լինեն այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը խաթարող բոլոր գործողությունների, ներառյալ սպառազինությունների մրցավազքը խթանող քայլերի նկատմամբ:

Հայկո Մաասը վերահաստատել է Գերմանիայի անվերապահ աջակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ կարեւորելով հիմնախնդրի բացառապես խաղաղ եւ քաղաքական կարգավորումը: 

Հանդիպումից առաջ Հայաստանի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարները ծանոթացել են հայ-գերմանական հարաբերությունների վերաբերյալ պատմական փաստաթղթերին, որոնց շարքում են եղել Հայաստանի առաջին Հանրապետության եւ Գերմանիայի միջեւ կապերին վերաբերող հարյուրամյա վաղեմության վկայագրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Türkçe
Տպել