News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային անվտանգության ծառայությունն այսօր գործողություններ էր իրականացնում Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի տանը: Շուրջ 8 ժամ տեւած հատուկ գործողություններից հետո ԱԱԾ աշխատակիցները հեռացել են Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա որդու՝ Հայկ Սարգսյանի հետ միասին: Ծառայությունից դեռ չեն հայտնում՝ ի՞նչ են հայտնաբերել Երեւանի Թումանյան փողոցում գտնվող Սարգսյանների տանը: Լրագրողները ֆիքսել են միայն, որ ԱԱԾ-ականներն իրենց հետ կտավ, երկու հրացան եւ մի քանի փաթեթ են տարել:

Հունիսի 25-ին էլ ոստիկանությունն ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման էր ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին, իսկ հետո ազատ արձակել: Վալերի Օսիպյանի խոսքով՝ պարզվել է, որ նրա մոտ եղած զենքն օրինական է: Հայաստանի երրորդ նախագահի ընտանիքի անդամների տներում եւ ընկերությունների գրասենյակներում անցկացվող խուզարկություններում արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը որոշակի միտում է տեսնում:

Ավանդական հինգշաբթիի փոխարեն կառավարության հերթական նիստն այսօր է անցկացվել. հուլիսի 5-ին հանրապետությունում ոչ աշխատանքային է՝ Սահմանադրության օրն է: Կառավարության անդամների համար նախատեսված համակարգիչներն այսօր փոխվել էին. նրանք այսուհետ կօգտվեն հայկական արտադրության համակարգիչներից: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սա քաղաքական մոտեցում է. բարձր տեխնոլոգիաների զարգացումը որպես առաջնահերթություն որդեգրած կառավարությունը որոշել է խթանել հայկական արտադրողին:

Կառավարության այսօրվա կարեւոր որոշումներից էր, թերեւս, Զինծառայության մասին օրենքում կատարված փոփոխությունը. զինծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող ընտանիքի միակ արու զավակն այսուհետ կազատվի ծառայությունից:

Արթուր Վանյանից լրագրողները հետաքրքրվել են մամուլում հրապարակված տեղեկություններից այն մասին, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ ԱԱԾ է հրավիրվել եւ մի քանի ժամ անցկացրել այնտեղ:

Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որին երեկ մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի քրեական գործով. Արթուր Վանյանը չհերքեց լուրը, որ Հարությունյանը հանրապետությունում չէ, բայց վստահեցրեց, որ ԱԱԾ-ն տիրապետում է իրավիճակին:

Գործի շրջանակում ծանուցագիր է ուղարկվել եւ քննչական ծառայություն է հրավիրվել նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Լրագրողները հետաքրքրվել են՝ ի՞նչ կարգավիճակով:

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին: Փաստաթղթին կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 573 պատգամավորները, դեմ՝ 50-ը, եւս 45 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել: Բանաձեւում նշվում է, որ նոր համաձայնագիրը Եվրամիության եւ Հայաստանի համագործակցության իմաստով վերջնակետը չէ, այլ ներքին բարեփոխումներին եւ դրանց իրականացմանն օժանդակելու գործիք է: Նշենք, որ Համաձայնագիրն արդեն վավերացրել են Եվրամիության անդամ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լյուսքսեմբուրգը, Ռումինիան եւ Լեհաստանը:

14-ամյա Հայկին նորից նկատել են Երեւանում: Հուլիսի 4-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ տղային տեսել են Ռոստովյան եւ Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկի մոտակայքում: Փրկարարները, սակայն, այդպես էլ չեն գտել երեխային: Նշենք, որ Հայկ Հարությունյանն աուտիզմ ունի: Նա տանից դուրս է եկել հունիսի 8-ին, իսկ 10 օր անց՝ հունիսի 18-ին, սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Հուլիսի 4-ին դոլարը փոքր-ինչ եւս արժեւորվել է, իսկ եվրոն՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 561, ռուբլունը՝ 7 դրամ 63 լումա, ֆունտինը՝ 637 դրամ:

Հուլիսի 5-6-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ուլրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը՝ 7: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն լինի: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +39+41 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ