Անգլիական Էյմսբերի քաղաքում նյարդակաթվածահարող նյութով թունավորված կինը մահացել է, հարուցվել է քրեական գործ սպանության վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Սքոթլանդ Յարդից:
Ոստիկանությունից հստակեցրել են, որ Դարինգթոնից 44-ամյա Դոն Սթերջեսը մահացել է հուլիսի 8-ի երեկոյան հիվանդանոցում: «Դիահերձումն ավելի ուշ կկատարվի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երկրորդ տուժողը՝ 45-ամյա տղամարդը կրիտիկական վիճակում է:
Տեղի ունեցածի քննությունը ղեկավարում են ոստիկանության հակաահաբեկչական վարչության մասնագետները, մոտ 100 քննիչներ շուրջօրյա աշխատում են Ուիլթշիրի ոստիկանության գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Սոլսբերիին կից Էյմսբերի քաղաքում կրիտիկական վիճակում հոսպիտալացրել էին տղամարդու եւ կնոջ, ոստիկանության տվյալներով՝ նրանք եղել են «անհայտ նյութի ազդեցության տակ»: Սքոթլանդ Յարդում պնդում են, որ տուժածները թունավորվել են «Նովիչոկ» կոչվող նույն նյութով, ինչով բրիտանական հետախուզության համար աշխատող ՀԳՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան:
Լոնդոնը պնդում է, որ A234 նյարդակաթվածահարող նյութով Սկրիպալների թունավորմանը մասնակցել է Ռուսաստանը: Մոսկվան դա կտրականապես հերքում է: