News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Technology & Sience Dynamics (TSD)/ ArmTab Technology  ընկերությունը կսկսի հատուկ նշանակության շարժական համակարգիչներ արտադրել արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների եւ զինծառայողների համար: Ընկերության այս համակարգիչների մոդելները ներկայացվել են հուլիսի 7-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացված Հայաստանի Երկրորդ ինժեներական ցուցահանդես-ֆորումի ժամանակ: Ընկերության հիմնադիր եւ տնօրեն Վահան Շաքարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այս մոդելները ArmTab նոութբուքի ավելի կատարյալ տարբերակներն են, որոնք վերջերս սկսել են օգտագործել կառավարությունում: ArmTab-ի ներկայիս տարբերակների արժեքը 150 հազար դրամ է (312 դոլար):

«TSD-ի արտադրանքն ուղղված է կորպորատիվ շուկաներին եւ հատուկ ծառայություններից պատվերներին, որոնց օպերացիոն համակարգերում համապատասխան փոփոխություններ են անհրաժեշտ, ինչով, ինչպես հայտնի է, համաշխարհային հսկաները, ինչպիսիք են Apple-ը եւ Samsung-ը, չեն զբաղվում»,- ասաց Վահան Շաքարյանը: Նրա խոսքով՝ ընկերությունը նպատակ չի հետապնդում մրցել համաշխարհային բրենդերի հետ. «Մեր խնդիրն է ցույց տալ աշխարհին, որ մեր ՏՏ մասնագետները եւ երիտասարդ կադրերը կարող են այսպիսի տեխնոլոգիաներ ստեղծել, բացահայտել ՏՏ ոլորտում Հայաստանի ներուժը: Մեր ընկերության արտադրանքը մեծապես որպես այցեքարտ է ծառայում մեր երկրի համար»,- նշեց տնօրենը: Այնուամենայնիվ, TSD-ի կողմից մշակված ArmTab պլանշետները եւ ArmPhone սմարթֆոնները արդեն որոշակի տեղ են զբաղեցնում հայկական շուկայում՝ չնայած դրա փոքրությանը եւ հագեցվածությանը հայտնի ապրանքանիշերով:

«Մեր ընկերությունը առաջատար չէ, սակայն դա միայն ժամանակի հարց է: Մի մոռացեք, որ հայտնի ընկերությունները անմիջապես չեն կայացել, բացի այդ, նրանք մեծ ֆինանսական աջակցություն են ստացել պետությունից: Մեր ընկերությունը գործում է ընդամենը 3 տարի, եւ մենք պետք է ապավինենք միայն մեր սեփական ուժերին»,- ասաց Վահան Շաքարյանը:

Մինչեւ 2017 թվականի հունվար, շարունակեց նա, արտադրանքն արտահանվել է ԵԱՏՄ շուկաներ, սակայն ԵԱՏՄ երկրներում օրենսդրական բարեփոխումների պատճառով TSD-մ խնդիրներ ունեցավ հավաստագրման համար:

«Նախկին կառավարությունը ոչնչով չկարողացավ օգնել, եւ մենք հույս ունենք, որ նոր հեղափոխական կառավարությունն օպերատիվ կերպով կլուծի այս խնդիրը»,- նկատեց TSD- ի տնօրենը:

Նրա խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ հայկական արտադրության սարքերը կարող են պահանջված լինել ԱՊՀ շուկաներում. դրանք հետաքրքրված են հայկական արտադրանքներով: Եվրոպայում բավականին հաջող փորձարարական վաճառք է իրականացվել, մասնավորապես՝ Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Դանիայում, իսկ ԱՄՆ-ում հիմնական գնորդները հայկական սփյուռքի ներկայացուցիչներն էին:

Ցուցահանդեսին ընկերությունը նաեւ պարզ լուծումներով հեռախոս էր ներկայացրել՝ «Արմֆոնիկ»-ը, որը նախատեսված է երեխաների, տարեցների, տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց  համար: Այս հեռախոսը թույլ է տալիս նախապես 4 հեռախոսահամար գրանցել եւ զանգահարել յուրաքանչյուրին մեկ հպումով: Հեռախոսին կարելի է զանգահարել ցանկացած համարից, սակայն դրանից կարելի է զանգահարել միայն այն գրանցված համարներից: «Արմֆոնիկ»-ի հետեւի վահանակին SOS-ի կոճակն է, որը սեղմելիս դուք զանգահարում եք գրանցված բոլոր 4 համարներին, իսկ եթե ոչ ոք չի պատասխանում, հեռախոսազանգը փոխանցվում է «911» ծառայությանը: Այս հեռախոսի արժեքը կազմում է 12 հազար դրամ (24 դոլար):

Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ TSD-ի կողմից մշակված տարեցների եւ հենաշարժական ապարատի հետ խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված ձեռնափայտը: Այն հագեցված է MP3 նվագարկիչով, ռադիոընդունիչով, հիշողության քարտով եւ մինչեւ 5 հեռախոսահամար գրանցելու հնարավորությամբ SIM քարտով: Ձեռնափայտի վրա SOS կոճակ կա, որը սեղմելիս դուք զանգահարում եք բոլոր գրանցված համարներին, իսկ եթե ոչ ոք չի պատասխանում, հեռախոսազանգը փոխանցվում է «911» ծառայությանը: Ձեռնափայտը նաեւ ուշադրություն գրավելու համար ձայնային ազդանշան արձակելու հնարավորություն ունի, ինչպես նաեւ՝ լուսարձակ:

Technology and Science Dynamics Inc. ընկերությունը հայկական շուկայում գործում է 2013 թվականի հոկտեմբերից՝ առաջարկելով հայկական ArmTab պլանշետը եւ Android-ի հիման վրա առաջին հայկական ArmPhone սմարթֆոնը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ