News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում ադրբեջանական լոբբինգի կարկառուն ներկայացուցիչերի ցնդաբանությունները ԼՂ խնդրի մասին շարունակում են շրջանառվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Ներկայացնում ենք Աշոտյանի գրառումն ամբողջությամբ.

«Դուգինի, Շեւչենկոյի եւ տեղեկատվական պատերազմի մասին

Այս քանի օրը հայկական լրատվական տիրույթում կրկին շրջանառվում են Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգի կարկառուն ներկայացուցիչեր՝ Դուգինի, Շեւչենկոյի, etc, ցնդաբանությունները՝ կապված Արցախյան հակամարտության կարգավորման ինչ-որ անհեթեթ պայմանավորվածությունների հետ:

Այս կապակցությամբ կրկին հայտնում եմ, որ՝

1. Սերժ Սարգսյանին ազերպրոպի կողմից վերագրվող «խոստումները» աբսուրդային են:

2. Արցախյան հակամարտության կարգավորման ընթացքում հայկական կողմը շեշտը դրել է բացառապես Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման եւ նրա իրականացման վրա:

3. Ադրբեջանա-ռուսական ռազմավարական դաշինքի երազանքը փայփայող այդ երկու բլբուլների ապատեղեկատվության եւ ստի տարածումը հայկական մեդիահատվածում համարում եմ տեղեկատվական պատերազմում ոչ ադեկվատ երեւույթ: Մի տիրաժավորեք հակառակորդի քարոզչական հնարքները:

4. Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները չեն կարող ստվերվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող, բայց առաջին հերթին՝ Հարավային Կովկասում հենց ռուսական պետական շահերին դեմ աշխատող մարդկանց ջանքերով:

Եվ որպես հետգրություն. Եթե Սերժ Սարգսյանին վերագրվող «խոստումը» իրականությանը համապատասխաներ, ապա ակնհայտ է, որ միջազգային եւ աշխարհաքաղաքական բազմաթիվ շրջանակներ ջանք չէին խնայի Հայաստանում իշխանափոխությունը հենց սաղմնային փուլում կանխելու համար: Այնինչ հենց այդ օրերին մենք ականատեսը եղանք լրիվ այլ պատկերի:

Ներքաղաքական օրակարգը զերծ պահենք մեր համընդհանուր ազգային հարցերի շահարկումից»:

Տպել
Ամենաշատ