News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մենք հավատում ենք Հայաստանի տեխնոլոգիական ապագային եւ կարծում ենք, որ սա ճիշտ բրենդինգ է, ու մենք չենք կարող անմասն մնալ։ Այս մասին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (VTC) երկրորդ Ինժեներական ֆորում-ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» կորպորատիվ հարցերով, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյանը։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը վանաձորյան ցուցահանդեսի համակազմակերպիչն ու մասնակիցն էր՝ ներկայացնելով նոր տեխնոլոգիաների ոլորտում ընկերության ունեցած ավանդը:

«Այսօր մենք ներկայացնում ենք ոչ թե արտադրանք, այլ ավելի շատ ներկայացնում ենք զարգացման ուղղությունները, որտեղ մեզ հետ կարող են համագործակցել Հայաստանի գիտնականներն ու ինժեներները։ Այսօր մենք եկել ենք նայելու ուրիշներին, քանի որ  հավատում ենք Հայաստանի տեխնոլոգիական ապագային եւ կարծում ենք, որ սա ճիշտ բրենդինգ է, ու մենք էլ չենք կարող անմասն մնալ։ Մենք տեսնում ենք, թե Հայաստանը ինչ կարող է առաջարկել նման տեխնոլոգիական գիգանտներին, եւ նաեւ փորձում ենք մեր մշակույթը եւ մեր տեխնոլոգիաները բերել Հայաստան»,- ասաց նա։

Վահե Դանիելյանը հայտնեց, որ ընկերությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գիտահետազոտական կենտրոն է բացում, որը կզբաղվի հատկապես գիտական մշակումներով՝ «Ֆիլիպ Մորրիս» ընկերության գլխավոր գիտական կենտրոնի համակարգմամբ:

Նրա խոսքով՝ Հայաստանում «Ֆիլիպ Մորրիս» ընկերությունը կաշխատի ամբողջ սպեկտրով, որում ներկայացված է Հայաստանի գիտական պոտենցիալը՝ ֆիզիկա, քիմիա, միկրոկենսաբանություն, կենսաբանություն, ԴՆԹ մակարդակով հետազոտություններ: Նա հայտնեց, որ մեկ ամիս առաջ տեղի է ունեցել Microbiomics տվյալների վերլուծության դատատոն: «Կենսաբանության եւ դատաանալիտիկայի մեր երիտասարդ ուսանողներն աշխատում էին, որպեսզի մկան գենոմում գտնեն որոշակի տրամաբանություն, եւ իմիջիայլոց, ամբողջ աշխարհում 8 խմբերից, որոնք քիչ թե շատ տրամաբանական մոտեցումներ ներկայացրեցին, 6-ը Հայաստանից էին, 1-ը՝ Հնդկաստանից, 1-ը՝ Ճապոնիայից»,- ասաց նա։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» գլխավոր կառավարիչ Նատալյա Մայորովան լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընկերությունը բարձր է գնահատում Հայաստանի տեխնոլոգիական ներուժը։ «Այն փաստը, որ Ֆիլիպ Մորրիսն այսօր այստեղ է, դրա վառ ապացույցն է։ Հենց Հայաստանի տեխնոլոգիական ու գիտահետազոտական ներուժը հիմք դարձավ, որ 2017 թվականին ընկերությունը փոխըմբռնման հուշագրեր ստորագրեց ՀՀ կառավարության և երկու խոշորագույն համալսարանների՝ ԵՊՀ-ի ու Պոլիտեխնիկական համալսարանի հետ։ Եվ հենց այդ ներուժը գնահատելու շնորհիվ է, որ ներկայումս Պոլիտեխնիկի տարածքում հիմնում ենք Ֆիլիպ Մորրիսի հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց։ Բացի այդ, ներկայումս Ֆիլիպ Մորրիսը աջակցություն է ցուցաբերում մի շարք կրթական ծրագրերի՝ ներառյալ մագիստրոսական ու ասպիրանտական ծրագրերը»,- ասաց նա:

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ, Կովկասի եվ Մոլդովայի գլխավոր կառավարիչ Խուան Կառլոս Էսկոբարի խոսքերով շատերը «Ֆիլիպ Մորրիս» ընկերությանը ծանոթ են որպես ծխախոտ արտադրողի, սակայն այն հիմա փոխում է իր ուղղվածությունը՝ դառնալով գիտությամբ ու տեխնոլոգիաներով  առաջանորդվող ընկերություն:  «Հիրավի, սա մեծ փոփոխություն է: Եվ ահա մենք այստեղ ենք՝ Ֆիլիպ Մորրիսի գիտական եւ տեխնոլոգիական ներուժը ներկայացնելու, հայ գիտնականների եւ ինժեներների հետ հանդիպելու համար։ Այստեղ են նաև Ֆիլիպ Մորրիսի գիտնականները՝ հայ գիտնականների հետ գաղափարներով փոխանակվելու և, ինչու ոչ, իրարից սովորելու համար:

Այսօր Ֆիլիպ Մորրիսը զբաղվում է լայնամասշտաբ գիտական աշխատանքով։ Մեր արտադրանքի գիտական գնահատման մեջ ընկերությունն առաջնորդվում է նույն մոտեցմամբ, որն ընդունված է դեղագործական արդյունաբերության մեջ։ Վերջին տասնամյակում առանց ծուխ տեսականու հետ կապված գիտահետազոտական աշխատանքի վրա ծախսել ենք մոտ 5 մլրդ դոլար։ Մեզ հետ համագործակցում են համաշխարհային համբավ վայելող 430 գիտնականներ ու ինժեներներ ամենատարբեր ոլորտներից։ Գիտահետազոտական կենտրոնները տեղակայված են միայն Շվեյցարիայում ու Սինգապուրում, իսկ հիմա մեծ ոգևորությամբ կարող ենք ասել, որ Հայաստանում նույնպես հիմնում ենք գիտահետազոտական կենտրոն։   Հենց այդ պատճառով ենք այսօր այստեղ՝ մասնակցում Ինժեներական համաժողով-ցուցահանդեսին», – ասաց նա։

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի» ապրանքագիտական եւ մտավոր սեփականության գծով տնօրեն Լուկա Ռոսսին նշեց.  «Երկու տարի առաջ մենք բացահայտեցինք մեզ համար Հայաստանը՝ գիտական ու տեխնոլոգիական զարգացման ավանդույթների ու ներուժի առումով։ Այդ իսկ պատճառով էլ որոշում ընդունվեց Հայաստանում հիմնել հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց, ինչպես նաև զարգացնել գիտական կրթությունը խրախուսող էկոհամակարգ։ Այսօր՝ Ինժեներական համաժողով-ցուցահանդեսին մենք ներկա ենք՝  Հայաստանի մասին ավելին իմանալու, մեր գործունեությունը ներկայացնելու, նաև հետագա համագործակցության հիմքեր ստեղծելու համար»,- ասաց նա:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Ֆիլիպ Մորրիսը» լուրջ հետազոտական ծրագրեր է իրականցնում ճարտարագիտության, քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի, ֆիզիկայի ուղղությամբ: Հիմա ընկերությունը Պոլիտեխնիկական համալսարանում մեծ հետազոտական կենտրոն է հիմնում, եւ աջակցելու է հայ մագիստրոսներին եւ ասպիրանտներին։ «Նման կազմակերպությունների հաջորդ քայլն է դիտարկել Հայաստանը որպես հետազոտությունների կենտրոն։ Ես կարծում եմ, որ «Ֆիլիպ Մորրիսը» կարող է լուրջ խթան հանդիսանալ Հայաստանի գիտության հետագա զարգացման համար»,- ասաց նա։

Ինժեներական համաժողովին մասնակցել են նաեւ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ու տրանսպորտի, կապի եւ տեղակատվական տեխնոլոգիաների առաջին փոխնախարար Հակոբ Արշակյանը: Լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը նշեց, որ կառավարությունը փնտրում է միջազգային գործընկերներ, վերազգային կորպորացիաներ, որոնք Հայաստան կգան:

«Վերազգային ընկերությունների բերելը Հայաստան իր հետ բերում է ոչ միայն աշխատատեղեր, այլ նաեւ իրենց միջազգային փորձը, գիտելիքները»,- ասաց փոխնախարար Հակոբ Արշակյանը։

«Մեր դաշտը բարենպաստ է այն առումով, որ մենք արդեն ունենք պատրաստի կենտրոններ, շատ լավ մասնագետներ, ու նրանք շատ ջանքեր չպետք է գործադրեն նոր կենտրոններ եւ լաբորատորիաներ ստեղծելու համար»,- հավելեց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ 

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (VTC) 2018 թվականի հուլիսի 7-ին տեղի ունեցավ երկրորդ Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը, որը համախմբում է բարձր տեխնոլոգիական ապրանքներ եւ լուծումներ առաջարկող ինժեներական ընկերությունների եւ հետազոտական ինստիտուտների։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Հայաստանում ինժեներական ոլորտի վերջին ձեռքբերումները, քննարկվեցին տեխնոլոգիական կրթության եւ գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաեւ ոլորտի համաշխարհային զարգացումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ