News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կառավարության հերթական նիստն այս շաբաթ նույնպես երեքշաբթի է հրավիրվել, քանի որ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ հուլիսի 11-ին Բրյուսել է մեկնում: Այսօրվա նիստի մեկնարկել է ուրախ մթնոլորտում. կառավարության անդամները գրքեր էին նվեր ստացել: Օգտվելով առիթից՝ վարչապետը հորդորել է նաեւ կարդալու համար ժամանակ գտնել: Իսկ գրքերի վերնագրերը զվարճացրել են գործադիրի անդամներին: «Ապուշների ուղեւորությունը», «Հետողորմյա», «Սերը Մոսկվայում»... ընթերցել է Նիկոլ Փաշինյանն ու կատակել:

Հետո արդեն՝ ավելի լուրջ թեմաների մասին: Փաշինյանը հիշեցրել է, որ նոր կառավարության ձեւավորումից հետո Հայաստանում կոռուպցիայի, չարաշահումների, ստվերային տնտեսության դեմ ակտիվ պայքար է ընթանում, եւ տեղեկացրել արդյունքների մասին. 2 ամսվա ընթացքում ավելի քան 20 մլրդ դրամի վնաս է հաշվարկվել: Վարչապետը նաեւ վստահեցրել է, որ բյուջե վերականգնված գումարների մի մասը կուղղվի մարզային ծրագրերին, եւ մարդիկ արդեն իրենց վրա կզգան փոփոխությունները:

Բացահայտումների թեման լրագրողների հետ զրույցում շարունակել է նաեւ պետական վերահսկողական ծառայության պետը: Դավիթ Սանասարյանը հորդորել է սպասել պաշտպանության նախարարությունում խոստացված ստուգումներին, իսկ առաջիկայում բացահայտումներ կլինեն նաեւ այլ գերատեսչություններում:

Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի հրաժարականից մեկ ամիս անց կառույցը վերջապես նոր ղեկավար ունի: Կառավարության այսօրվա նիստում որոշվել է այդ պաշտոնում նշանակել Հայկ Գրիգորյանին: Շնորհավորելով Գրիգորյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է երկրում օրինականության հաստատման, հանցավորության դեմ պայքարի անհրաժեշտության մասին:

Քննչական կոմիտեի նորանշանակ պետը վճռական է տրամադրված. իր առջեւ դրված խնդիրները պատրաստ է կատարել անգամ «բռունցքով»: Հավելենք, որ Հայկ Գրիգորյանը կառույցում նորեկ չէ. մինչ այս նա եղելէ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զբաղեցրել զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնը:

Մարտի 1-ի գործով վկայություն կտա նաեւ Յուրի Խաչատուրովը. նա Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել՝ հարցաքննության: 2008 թվականին Խաչատուրովը Երեւանի կայազորի պետն էր: Նա, սակայն, ՀՔԾ-ին փոխանցել է, որ կկարողանա իրավապահներին ներկայանալ միայն հուլիսի վերջին: Ներկայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Խաչատուրովը սա պատճառաբանել է աշխատանքային ծանրաբեռնվածությամբ:

Այս գործով ավելի վաղ հարցաքննության էր հրավիրվել նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ծանուցագիրը ստացել, բայց չի ներկայացել. նա նույնպես Հայաստանում չէ: Եվս մեկ ծանուցագիր Քոչարյանին ուղարկվել է այսօր, որում վերջնաժամկետ է ներկայացվել` հուլիսի 25: ՀՔԾ պետն ասում է՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության կհրավիրվեն այլ բարձրաստիճան պաշտոնյաներ եւս: Սասուն Խաչատրյանը, սակայն, հրաժարվում է անուններ նշել:

ԵԱՀԿ առաքելությունն այսօր հրադադարի ռեժիմի հերթական դիտարկումն է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Այս անգամ դիտարկվել է Ակնա-Բարդա ճանապարհահատվածը: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանն առաջապահ դիրքեր դուրս չի բերել: Այս, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակի պայմաններում ի՞նչ է ակնկալում Հայաստանի ԱԳ նախարարն ադրբեջանցի գործընկերոջ հետ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումից:

Երեւանում առեղծվածային պատահար է տեղի ունեցել: Հալաբյան փողոցում գտնվող ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության վարչական շենքի ավտոկայանատեղիում մեքենաներ են այրվել: ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգը ստացել է կեսօրից: Հրդեհի հետեւանքով, բարեբարտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն մեքենաները մետաղաջարդոնի են վերածվել: Ըստ վարկածներից մեկի՝ անփույթ անցորդը վառվող ծխախոտ է նետել չոր խոտերի մեջ, մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ մեքենաները միտումնավոր են հրկիզել: Երկու վարկածով էլ հետաքննություն է կատարվում: Վնասված բոլոր մեքենաները ԴԱՀԿ աշխատակիցներին են պատկանում. այդ կայանատեղի կողմնակի մեքենաների մուտքն արգելվում է:

Նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի երազած Թուրքիան, կարծես, իրականություն է դառնում։ Նա կարողացավ փոխել Սահմանադրությունը՝ խորհրդարանական կառավարումից անցնել ամբողջական նախագահական կառավարման՝ անսահմանափակ հնարավորություններով: Իսկ այս ամենին հասնելու համար նա արեց հնարավորն ու անհնարինը՝ անտեսելով այն, որ իր քայլերի արդյունքում Թուրքիան աշխարհում կորցրեց ժողովրդավար երկրի համբավը եւ տնտեսական ճգնաժամի առաջ կանգնեց։ Բայց այդ ամենն Էրդողանին չի հետաքրքրում: Իսկ համաշխարհային մամուլում նրան արդեն Նոր Թուրքիայի առաջին սուլթան են կոչում:

Հուլիսի 10-ին դոլարի արժեզրկմանը միացել է նաեւ եվրոն: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 565, ռուբլունը՝ 7 դրամ 72 լումա, ֆունտինը՝ 638 դրամ:

Հուլիսի 11-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը՝ 6: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն լինի: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +39+41 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ