ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ուրբաթ օրը կողմ է քվեարկել Հարավային Սուդանի նկատմամբ զենքի ներմուծման էմբարգո սահմանելուն: ԱՄՆ-ի կողմից ներկայացված բանաձեւի նախագծին աջակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 9 անդամ, 6-ը ձեռնպահ է մնացել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Ինչպես քվեարկությունից առաջ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, Հարավային Սուդանում ծայրահող ծանր իրավիճակ է, եւ առաջարկվող բանաձեւը «էմբարգո է նախատեսում Հարավային Սուդանին զենք մատակարարելու վրա, ինչպես նաեւ՝ պատժամիջոցներ ֆիզիկական անձանց նկատմամբ»:
Փետրվարին ԱՄՆ-ն որոշում էր կայացրել արգելել հարավային Սուդանին ամերիկյան զենքի եւ ռազմական տեխնիկայի մատակարարումը եւ այլ երկրներին կոչ էր արել հետեւել իր օրինակին: