News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լսողական խնդիրներ ունեցող հրազդանցի 2,5 ամյա Ալեքս Մանասյանին արդեն վիրահատել են:

 Հիշեցնենք, որ NEWS.am-ը Ալեքս Մանասյանի առողջական խնդիրների մասին գրել էր իր մի քանի հրապարակումներում: Երեխան  չորրորդ աստիճանի երկկողմանի սենսոնեւրալ ծանրալսություն ուներ եւ ինչպես բժիշկներն են հավաստիացրել ծնողներին, միայն վիրահատական միջամտության արդյունքում երեխան կսկսի լսել եւ ընկալել աշխարհը: Լսողական խնդիրների հետեւանքով Ալեքսի մոտ բացակայում է խոսքը:

Ալեքսի լսողությունը հնարավոր էր վերականգնել միայն կոխլեար իմպլանտի տեղադրման միջոցով, որը եւ Հայաստանում, եւ արտերկրում թանկ արժե:

Անհրաժեշտ գումարը բարեգործական հիմնադրամների, բարերարների օգնությամբ հավաքվեց եւ հուլիսի 1-ին փոքրիկ Ալեքսին վիրահատեցին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց երեխայի հայրը՝ Գարիկ Մանասյանը. «Վիրահատությունն արվել է Էրեբունի բժշկական կենտրոնում, արտերկրից եկած մասնագետներն են արել վիրահատությունը: Դժվարը ներքին իմպլանտի տեղադրումն էր: Այն տեղադրվեց գլխում՝ ականջի հետեւում, որը պիտի ծառայի ամբողջ կյանքի ընթացքում:

Չնայած արտաքինը դեռ տեղադրված չէ, բայց բժիշկները փորձարկել են սարքը եւ հավաստիացրել, որ Ալեքսը շուտով լսելու է: Հիմա սպասում ենք վերքերը լավանան եւ օգոստոսի սկզբներին արտաքին իմպլանտը պիտի տեղադրվի, որը ժամանակ առ ժամանակ կփոխվի: Կարեւորը լսողության վերականգնման համար հենց ներքին իմպանտն է»,-նշեց Ալեքսի հայրը:

Նա ասաց, որ երեխան հիմա իրեն լավ է զգում, ապաքինվում է եւ պատրաստվում հաջորդ վիրահատությանը: Այս ընթացքում բոլոր պարապմունքները սահմանափակված են, նույնիսկ ամենօրյա սարքը չեն թույլատրում օգտագործել.

«Մենք մեծ հույսեր ունեինք, որ անհրաժեշտ գումարը կհավաքվի ու մեր երեխան էլ կկարողանա մյուսների նման խոսել եւ ընկալել աշխարհը: Շնորհակալ ենք բոլորից եւ անհամբեր սպասում ենք, որ Ալեքսը վերջապես կլսի մեր ձայնը եւ կսկսի խոսել»:

Քանի որ փոքրիկ Ալեքսի խոսքը զարգացած չէ, ծնողները նրան տանում են  սուրդոմանկավարժի մոտ: Ծնողների հավաստմամբ, բժիշկները երաշխավորել են, որ երեխան շատ շուտով կլսի, իսկ սուրդոմանկավարժն էլ հավաստիացրել է, որ շատ կարճ ժամանակահատվածում երեխայի խոսքը կզարգանա, քանի որ նրա բոլոր զգայարանները շատ լավ գործում են:

 

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ