News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ինչով է պայմանավորված, որ վերջին շրջանում Կոտայքի մարզի  շուրջ մեկ տասնյակ համայնքների ղեկավարներ եւ վարչական ղեկավարներ հրաժարականների դիմումներ են ներկայացրել: Այս հարցի շուրջ NEWS.am-ը զրուցել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:

«Դա ես պայմանավորում եմ նրանով, որ Սահմանադրությամբ եւ օրենքով  ինձ վերապահված համապատասխան լիազորությունների շրջանակներում այցեր եմ կատարում համայնքներ, համայնքների ղեկավարների  եմ հրավիրում աշխատանքային հանդիպումների: Քանի որ օրենսդրությունը նշում է, որ մարզի  տարածքում եւ համայնքներում մարզպետներն իրականացնում են իրավական եւ մասնագիտական հսկողություն, այդ հսկողության շրջանակներում ես, բնականաբար, հետաքքրվում եմ գյուղերում առկա խնդիրներով,  միջին վիճակագրական քաղաքացու կյանքի որակի վրա ազդեցություն ունեցող այն երեւույթներով, որոնք այսօր ունենք մեր համայնքներում»,-ասաց մարզպետը՝ հավելելով, որ կան համայնքներ, որտեղ գյուղապետերը 20, 25 նույնիսկ  30 տարի գյուղապետի պաշտոն են զբաղեցրել, բայց այդ գյուղերում կյանքի պայմաններ չեն ապահովել գյուղացիների համար:

«Քարուքանդ ճանապարհներ, վատթար վիճակում գտնվող գյուղի ոռոգման եւ խմելու  ջրի ցանց, կան տեղեր, որ նույնիսկ բացակայում է այդ ցանցը, ինչպես նաեւ կիսախարխուլ մշակույթի տուն կամ մանկապարտեզ, կամ ընդհանրապես չունեն  մանկապարտեզ:

ՏԻՄ օրենքով համայնքներին վերապահված է նախադպրոցական կրթության ապահովման անհրաժեշտությունը, մշակութային դաստիարակության ապահովման անհրաժեշտությունը, եւ ես, բնականաբար, հարց եմ տալիս համայնքների ղեկավարներին՝ պարոնայք, 20-25 տարի ղեկավարում եք համայնքներ, ի՞նչ եք արել այդ տարիների ընթացքում, որ  մանկապարտեզ կամ մշակույթի տուն գոյություն չունի, կամ ահավոր վիճակում է գտնվում»,-ասաց մարզպետը:

Ռոմանոս Պետրոսյանը կարծում է, որ այս նոր  գործելաոճի մեջ չեն տեղավորվում շատ համայնքների ղեկավարներ, բարեփոխումների մեջ իրենց չեն տեսնում եւ իրենց  քայլն են անում՝  տեղը զիջելով ավելի երիտասարդ գործիչների:

Անդրադառնալով մամուլում տեղ գտած տեղեկություններին, թե ինքը կարգադրել է  որոշ համայնքների ղեկավարների  հրաժարականներ տալ, ապա ասել, որ ոչ մի տեղ չխոսեն դրա մասին, այլապես իրենց համար վատ կլինի, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Դա իմ աշխատելաոճը չէ, դա իմ բառապաշարը չէ: Ես ինքս իմ լիազորությունները իրացնում եմ բացառապես օրենքի տառին եւ սահմանադրության ոգուն  համապատասխան, ես օրենքից դուրս ոչինչ չեմ անում, ինչպես նաեւ իմ   արժեհամակարգում չկա նման բան, որ ինչ-որ բան  ասեմ, ինչ-որ բան դրդեմ, ապա նաեւ խնդրեմ, որ այդ մասին չխոսեն»:

Նա ընդգծեց, որ քաղաքականությունը վարում է շատ բաց եւ թափանցիկ. «Ես միշտ խոսում եմ այն, ինչը կխոսեի հանրայնորեն, ես երբեւէ փակ եւ ծածուկ գործունեություն չեմ վարում, իմ գործունեությունը բաց եւ թափանցիկ է, ինչի ականատեսը մեր հանրությունն է, նման ձեւակերպումներ ես բացառում եմ, որ տված լինեմ կամ երբեւէ կտամ»:-նշել է Կոտայքի մարզպետը:

Տպել
Ամենաշատ