News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Փանիկում հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպը կարող է Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայման առիթ դառնալ: Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա այցելած Դավիթ Տոնոյանը լրագրողներին ասել է՝ ժամանակի ընթացքում առաջանում են խնդիրներ, որոնք պայմանագրային-իրավական փոփոխություններ են պահանջում, եւ դրանք արվելու են: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Շիրակի Փանիկ գյուղի բնակիչները կրակոցների ու պայթյունների ձայներ էին լսել: Որոշ ժամանակ անց պարզվել էր, որ դրանց հեղինակը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներն են. նրանք առանց նախազգուշացնելու եւ առանց փաստաթղթերի գյուղ են մտել եւ զորավարժանք անցկացրել: Դավիթ Տոնոյանն ասում է՝ կատարվածում մեղքի իրենց բաժինն ունեն ե՛ւ ռուսական, ե՛ւ հայկական կողմերը: Նախարարի պնդմամբ՝  վարժանքի մասին ռուս զինվորականները տեղեկացրել են, բայց դրա անցկացման վայրի մասին ոչինչ չեն նշել: Միջադեպի կապակցությամբ երկու կողմերն էլ ծառայողական քննություն են սկսել: Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ մեղավորները պատժվելու են:

Իրանում մեկ օրվա ընթացքում չորրորդ երկրաշարժն է տեղի ունեցել: Երկուշաբթի հարավ-արեւելյան Քերման նահանգում 5.8 մագնիտուդով հերթական ցնցումն է գրանցվել:

Կիրակի տեղի ունեցած 3 երկրաշարժերից ամենահզորը գրանցվել է Քերմանշահ նահանգում՝ 5.9 մագնիտուդ: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: Հայտնի է, որ ստորգետնյա ցնցումների հետեւանքով 287 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: Ավելի քան 101 շենք ամբողջությամբ ավերվել է, շուրջ 850-ը՝ մասնակի վնասվել: Երկրաշարժերից հետո երկրի սեյսմոլոգիական ծառայությունը 165 հետցնցում է գրանցել: Աղետի վայրում 15 փրկարարական ջոկատ է աշխատում:

«Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում պատանիների ու երիտասարդների նոր խումբ է ժամանում Հայաստան: Ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը: Այս մասին տեղեկացրել է սփյուռքի նախարարը եւ վարչապետի տիկնոջ մասնակցությամբ տեսանյութ հրապարակել: Նշենք, որ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները 13-21 տարեկան են: Այս տարի մասնակցության շուրջ 550 հայտ է ներկայացվել 26 երկրի հայ համայնքներից: Պատանիներն ու երիտասարդներն այցելում են Հայաստանի պատմամշակութային վայրեր, առաջատար ուսումնական, ստեղծարար եւ տեխնոլոգիական կենտրոններ, մասնակցում հայերենի դասընթացների, ինչպես նաեւ ճամբարային քառօրյա ծրագրի:

Հերթական ահազանգը «Դիլիջան» ազգային պարկում ծառահատումների մասին: Մի խումբ արշավականներ պարկի տարածքում՝ Պարզ լճից դեպի Գոշ գյուղ տանող անտառային ճանապարհին, հատված ծառեր են հայտնաբերել: Ծառագողերը փորձել են կտրված ծառերը թաքցնել՝ դրանք թեփով ծածկելով:

Երեւանում երկու օրվա ընթացքում մի քանի ինքնասպանության փորձ է արվել, երկուսը ողբեգրական ելք են ունեցել: Կիրակի 24-ամյա մի երիտասարդ ցած է նետվել Դավիթաշենի կամրջից: Ահազանգի հետքերով տղամարդու դին գտել են փրկարարները:

Կիեւյան կամրջից էլ միջին տարիքի մի տղամարդ Հրազդան գետն է նետվել: Դին ջրից դուրս է բերել ջրասուզակը: Մահացածի ինքնությունը պարզում են: Եվս մեկ քաղաքացի նետվել է «Հաղթանակ» կամրջից: Տարեց տղամարդը ողջ է մնացել: Նրան հիվանդանոց են տեղափոխել: Բժիշկները տուժածի վիճակը կայուն ծանր են գնահատում:

Հուլիսի 23-ին դոլարը, եվրոն եւ ռուբլին թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 562, ռուբլունը՝ 7 դրամ 62 լումա, ֆունտինը՝ 631 դրամ:

Հուլիսի 24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը՝ 6: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17+19, ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ