Ամերիկյան Ford ավտոարտադրող ընկերությունն անօդաչու մեքենաների արտադրությունն առանձին բիզնես-միավորի է վերածել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ford-ի հաղորդագրությունը:
«Ընկերությունն անօդաչու ավտոմեքենաների արտադրության առանձին բիզնես է ստեղծել՝ Ford Autonomous Vehicles LLC-ն, որը կներառի Ford-ի ավտոմատացված կառավարման համակարգերի ինտեգրման, անօդաչու տրանսպորտային միջոցների եւ առաջատար ինժեներական մշակումների հետազոտության, անօդաչու ավտոմեքենաների փոխադրման համար ենթակառուցվածքների զարգացման, օգտատերերի հնարավորությունների ընդլայնման, բիզնես-ռազմավարության եւ բիզնեսի զարգացման բաժինները»,- հաղորդվում է հաղորդագրությունում:
Հաղորդվում է նաեւ, որ նոր ընկերությունը կստանա Ford-ի մասնաբաժինը Argo AI սթարթափում, որը զբաղվում է անօդաչու ավտոմեքենաների համար արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների մշակմամբ:
Ավտոհսկան ծրագրում է մինչեւ 2023 թվականը նոր բիզնեսում 4 մլրդ դոլար ներդնել՝ ներառյալ ավելի վաղ Argo AI սթարթափում արված 1 մլրդ դոլարը: