News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 12-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի կունենա Կասպյան երկրների 5-րդ գագաթնաժողովը, որին կմասնակցեն Կասպից ծովի ավազանի երկրների առաջնորդները: Օրակարգում Կասպից ծովի իրավական կարգավիճակի քննարկումն է: Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Կասպիցը կունենա հատուկ կարգավիճակ՝ չհամարվելով ո՛չ ծով, ո՛չ լիճ:

Այս համատեքստում Ադրբեջանը փորձում է բարեկամ երևալ թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի համար, չնայած արևմտյան երկրները բազմիցս քննադատել են Ադրբեջանում ավտորիտար վարչակարգն ու մարդու իրավունքների խախտման բարձր մակարդակը:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչը NEWS.am-ին հայտնել է, որ նման պատկերը հավատ չի ներշնչում, քանի որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը գլխավորապես ռուսամետ է:

«Առնվազն չորս տարի շարունակ Ադրբեջանը վարում է ռուսամետ արտաքին քաղաքականություն: Ռուսական զենքի գնումը դրա կարևոր մասն է: Դեռևս պարզ չէ, թե ԵՄ-Ադրբեջան Համապարփակ համաձայնագրի բանակցություններն ինչպե՞ս կազդեն այդ ուղղվածության վրա, սակայն չեմ կարծում, որ որևէ բան փոխվի: Բացի այդ, հաշվի առնելով մարդու իրավունքների և հիմնարար տնտեսական բարեփոխումների մասին ԵՄ-ի ներկայացրած պահանջները, Ադրբեջանի հետ հարաբերությունները հարթ չեն կարող լինել: Ադրբեջանը փորձում է Ռուսաստանի և Արևմուտքի (այդ թվում՝ ԱՄՆ-ի) հետ հավասարակշռված հարաբերությունների պատրանք ստեղծել, սակայն իրականում ռուսամետ ուղղվածությունը գերակշռում է»,- ասել է պրոֆեսորը:

1990-ականների կեսերին, երբ սկսվեցին Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին բանակցությունները, Կոզլարիչը Բաքվում ԱՄՆ դեսպանն էր: Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքը բավական դժվար է եղել, քանի որ Իրանն ու Ռուսաստանը փորձել են վերահսկել, թե ափամերձ մյուս պետությունները Կասպից ծովում և նրա հատակում ինչ իրավունքներ ունեն:

Հարցին՝ արդյո՞ք սա կարող է առաջացնել ԱՄՆ-ի զայրույթը՝ կապված Աֆղանստան ռազմամթերքի տեղափոխմանը խոչընդոտելու հետ, նախկին դեսպանն ասաց, որ միանշանակ անհանգստանալու կարիք կա: «Վերջին տարիներին, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վատթարացմանը զուգահեռ, Մոսկվան շարունակ բացասաբար է վերաբերվել Աֆղանստանին ԱՄՆ-ի կողմից ռազմամթերք փոխանցելուն: Առանց համաձայնագրի տեքստը տեսնելու՝ դժվար է ասել՝ արդյո՞ք մեդիայի պնդումները, որ Ռուսաստանն օգտագործում է Կասպից ծովի համաձայնագիրը, որպեսզի խոչընդոտի ռազմամթերքի փոխանցումը, ճշգրիտ են: Միանշանակ անհանգստանալու կարիք կա, քանի որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ, ինչպես նաև նոր պատժամիջոցներ է առաջարկել սահմանել Ռուսաստանի դեմ, որի պատճառը Միացյալ Թագավորությունում Ռուսաստանի քաղաքացիների թունավորման գործում Ռուսաստանի դերակատարումն է»,- եզրափակել է Կոզլարիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ