News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


14-ամյա Էրիկ Մելիքյանն արդեն 4-րդ անգամ է դառնում «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի հաղթող. առաջին անգամ նա հաղթող է դարձել չորրորդ դասարանում՝ 96 հնարավորից վաստակելով 91 միավոր: Հինգերորդ, յոթերորդ եւ ութերորդ դասարաններում նա արդեն առավելագույն՝ 120 միավոր էր հավաքում: Էրիկը սովորում է Վանաձորի թիվ 20 դպրոցում: Վաղը նա կգնա 9-րդ դասարան: Հետագա կարիերայի հետ կապված նա դեռ չի կողմնորոշվել, սակայն, ամենայն հավանականությամբ, ծրագրավորող կդառնա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ծրագրավորողներն այսօր շատ պահանջված են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, ուստի այդ մասնագիտությունը իրեն, թերեւս հիմա, շատ հեռանկարային եւ գրավիչ է թվում: «Սովորելը միշտ էլ նորաձեւ է եղել, պարզապես ոչ բոլորն են դա հասկացել»,- ասաց նա: Էրիկը 2017 եւ 2018 թվականներին «Կենգուրու» եւ «Մեղու» (հայոց լեզվի մրցույթ) մրցույթներին հաղթած 34 պատանիներից մեկն է եղել: Այսօր՝ օգոստոսի 31-ին, նրանք հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հետ, նրանցից մեդալներ, դիպլոմներ եւ այլ պարգեւներ ստացել:

Այս օրը, երեւի, կհիշվի ողջ կյանքի ընթացքում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 16-ամյա Հասմիկ Ալեքսանյանը, որը եւս հաղթել է մրցույթում: Հասմիկն այս տարի է ավարտել դպրոցը եւ հասցրել է երկու համալսարան ընդունվել՝ Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարան եւ Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիա: Ցավոք, սովորել միանգամից երկու համալսարանում նա չի կարող եւ ստիպված կլինի ընտրել մեկը: Եվ այդ ընտրությունը Հասմիկն իր համար արդեն արել է՝ երաժշտության օգտին:

10-ամյա Աննա Հարությունյանը «Կենգուրու»-ի հաղթողներից մեկն է Լեռնային Ղարաբաղից: Աննան սովորում է Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում եւ արդեն գիտի, թե ինչ է ուզում դառնալ այն ավարտելուց հետո: «Իմ մաթեմատիկայի ուսուցչուհին է օգնել ինձ պատրաստվել այս մրցույթին: Ես նույնպես ուզում եմ մաթեմատիկայի ուսուցչուհի դառնալ»,- ժպիտով ասում է նա: Այլ մասնագիտությունների մասին, թեկուզ՝ մաթեմատիկայի հետ կապված, նա լսել չի ուզում: «Ոչ, հենց ուսուցչուհի եմ դառնալու, որպեսզի սովորեցնեմ ուրիշներին, ինչպես ինձ են սովորեցրել»:

ՀՀ վարչապետի հետ այսօր հանդիպել են նաեւ հայկական եւ ղարաբաղյան դպրոցների շրջանավարտները: Նրանցից մեկը Հակոբ Հակոբյանն է Գյումրի քաղաքից: Հակոբը համոզված է, որ նոր Հայաստանին լավ տնտեսագետներ են հարկավոր, ուստի ինքն էլ որոշել է տնտեսագետ դառնալ:

«Լավ սովորելն արժանապատիվ է, բոլորը պետք է լավ սովորեն: Դրանում որեւէ ամոթ բան չկա, հակառակը՝ հպարտանում ես քեզնով, որ լավ սովորելու շնորհիվ կարող ես պարգեւներ ստանալ վարչապետի ձեռքից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հակոբը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ