News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցների գաղտնալսումների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ  Գեւորգ Կոստանյանը  չի բացառում, որ նախորդ իշխանության օրոք էլ դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու դեպքեր եղած լինեն։ Այս մասին այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 19–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է դատարանների նկատմամբ ճնշումներ գործադրելու արատավոր երեւույթը գալիս է նախորդ իշխանությունից։

«Իմ մասնագիտությամբ պայմանավորված ես չեմ կարող ինձ շռայլություն թույլ տալ եւ գնահատական հնչեցնել։ Ես չեմ բացառում, որ նման դեպք եղել է, բայց դա պետք է լինի փաստարկված եւ հիմնավորված»,–նշեց նա։

Դիտարկմանը, թե նախքան վերջին գաղտնալսման դեպքը, այս տարիների ընթացքում Հայաստանում այլ պաշտոնյաների եւս գաղտնալսել են՝ օրինակ Վարդան Օսկանյանին եւ  Ալեքսանդր Արզումանյանին, Կոստանյանը պատասխանեց. «Դեռ փաստ չկա, թե այդ գաղտնալսումներն իրականացվել են օրենքո՞վ, թե օրենքով սահմանված կարգի խախտմամբ»։

Կոստանյանը հերթական անգամ մտահոգություն հայտնեց ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի գաղտնալսումների վերաբերյալ։

«Եթե մեր երկրում գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին, դա նշանակում է, որ որեւէ մեկը մեր երկրում երաշխավորված չէ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իր իրավունքի խախտման հնարավոր փաստից»,– ասաց նա՝ նշելով, որ խորհրդարանում ձեւավորված քննիչ հանձնաժողովը միտված է նրան, որ մենք տեսնենք արդյոք կա՞ն բավարար օրենսդրական մեխանիզմներ, որպեսզի մեր երկրում պետությունն ունակ լինի պաշտպանել մարդու իրավունքները»։

Հարցին, թե մտահոգված չէ՞, որ իր հեռախոսն էլ են գաղտնալսում, Կոստանյանն արձագանքեց. «Այո, միանշանակ, կարծում եմ  ցանկացած մարդ մտահոգված է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ