News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ջրային համակարգերի օգտագործման եւ պահպանության տեխնիկական հանձնաժողովը մշտապես գործող հանձնաժողով է, ստեղծվել է շուրջ 15 տարի առաջ, կազմում ընդգրկված են ոլորտի փորձառու, վաստակաշատ մասնագետներ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ սակայն վերջին տարիներին հանձնաժողովը պարապուրդի էր մատնվել,  անգամ  նիստեր չէին գումարվում: Այնինչ, ըստ կանոնադրության, պետք է նիստեր գումարվեն առնվազն 3 ամիսը մեկ, ավելի հաճախ՝ ըստ անհրաժեշտության:

Իր պաշտոնավարման առաջին իսկ  օրերից Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը կարեւորել է հանձնաժողովի դերը, անընդունելի  համարել նման  ներուժ ունեցող մասնագետների արհեստական անգործությունն ու առաջարկել հանձնաժողովին վերադառնալ ակտիվ օրակարգ  եւ օր առաջ անցնել համակարգում կուտակված հրատապ խնդիրների քննարկմանն ու օպտիմալ լուծումներ առաջադրելուն:

Այսօր արդեն կայացել է հանձնաժողովի երկրորդ նիստը՝ Հովհաննես Թոքմաջյանի նախագահությամբ: Նիստին ներկա է եղել  նաեւ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը, որ հանձնաժողովի անդամներին առաջարկել է ակտիվ մասնակցել այս եւ առաջիկա մյուս քննարկումներին, քանի որ անելիքներն ու ակնկալիքն իրենցից շատ են:  «Համատեղ անելիք շատ ունենք,  պետք է կարողանանք առավելագույնս կենտրոնացնել մեր մասնագիտական  փորձն ու ներուժը եւ ավելի արդյունավետ գործել: Լրջագույն անելիք ունենք մեր ռազմավարական  խնդիրների լուծման,  ջրային  տնտեսության վարման ճանապարհին»,-ասել է Ջրային կոմիտեի  նախագահ Ինեսսա Գաբայանը:

Նիստում անդրադարձ է եղել նաեւ Սեւանից հավելյալ ջրառին: Կոմիտեի նախագահը ներկայացրել է փաստացի տվյալներ, պարզաբանել, թե ինչպես է բաշխվել Սեւանից վերցվող ջուրը: Օրվա դրությամբ արդեն  իսկ ջրառը  կազմել է 195.6 մլն խ/մ: Միջգերատեսչական աշխատանքային խումբը շարունակում է մարզերում հետեւել  ոռոգման ջրի բաշխման գործընթացին, արձանագրվող թերացումներին հնարավորին արագ լուծումներ ու կարգավորումներ են  տրվում:

«Սեւանից ջրառն իրականացվում է խիստ հսկողության պայմաններում: Այդ նպատակով,  գիտեք, միջգերատեսչական աշխատանքային խումբ է գործում եւ մենք գրեթե ամեն  օր մարզեր ենք  այցելում, տեղում պատկերն ավելի հստակ ենք տեսնում: Այն, որ ոռոգման համակարգը վատ վիճակում է, ակնհայտ է եւ առաջին հերթին դրանով են պայմանավորված մեծ կորուստները, շուրջ 50 տոկոսի չափով: Համակարգում  իրականացվող արդիականացման  ցանկացած աշխատանք ջրամատակարարման բարելավման հետ նաեւ կորուստներն է նվազեցնում, սակայն դրանք դեռեւս շատ քիչ են՝ էապես եղանակ փոխելու համար: Մեր խնդիրն է վերացնել, բացառել մարդկային  գործոնով պայմանավորված կորուստները»,- ասել է կոմիտեի նախագահը:

Օրակարգային հարցերից նիստում անդրադարձ է եղել  Ազատի ջրամբարին: Քննարկվել է հատակային ջրթողի վթարային աշխատանքների նախագծային լուծումների ճշգրտման նպատակով՝ մեռյալ (9.2 մլն մ3) ծավալից ոռոգման նպատակով ջրի թողքեր կատարելու (6-7 մլն մ3) նպատակահարմարության հարցը:

Օրակարգում նաեւ Արփի լճի տեխնիկական վիճակի քննարկումն էր. պատվարի ստորջրյա մասի տեխնիկական վիճակը ճշտելու, հնարավոր ջրամեկուսացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ առկա ջրի ծավալը Ախուրյանի ջրամբար տեղափոխելու նպատակահարմարության հարցը:

Կարեւորելով Ջրօգտագործողների ընկերությունների դերը,  հանձնաժողովը քննարկել է նաեւ  ՋՕԸ եւ ՋՕԸՄ կանոնակարգող խորհրդի մասին՝ ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը:

Տպել
Ամենաշատ