News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

«Տեղեկատվական հարձակման» դեպքեր են արձանագրել բոլոր ուժերի նկատմամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ օրեր շարունակ սոցիալական ցանցերում «տեղեկատվական տեռոր եւ ռեկետ» է իրականացվում իրենց դեմ, որին մասնակից են նաեւ նախարարությունների աշխատակիցները եւ մոտ 1000 կեղծ օգտատերեր։

Ապա ԲՀԿ կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ վերահաստատեց այդ դիրքորոշումը՝ նշելով, - «երբ որ իրենց՝ նախարարի ենթակայության տակ գտնվող կառույցներում երիտասարդ կանայք, կներեք, «հարբած մուժիկի» հայհոյանքներ են տալիս ինձ՝ վիրավորելով իմ երեխային, իմ մահացած հորը․․․․ չեմ ներելու»։ Սեպտեմբերի 19-ին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց այս հայտարարություններին՝ նշելով, որ կզբաղվի այդ խնդրով։

Այս հայտարարությանը անդրադարձավ նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով նշել էր, որ մտահոգ է Նաիրա Զոհրաբյանի հասցեին արված վիրավորանքների կապակցությամբ։

Զանգվածային լրատվամիջոցները, այդ թվում՝ առցանց մեդիան եւ հեռուստաալիքները, մատուցում են տեղեկատվություն, որը կարեւոր նշանակություն ունի ընտրողների վերջնական կարծիքի ձեւավորման համար, հետեւաբար լրատվամիջոցների կողմից բոլոր կուսակցությունների անկաշառ եւ հավասարաչափ լուսաբանումը կարեւոր գործիք է ժողովրդավարության ճանապարհին: Հաշվի առնելով վերը նշվածը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» «Անկած դիտորդ» հասարակական դաշինքի սահմաններում իրականացնում է մեդիամոնիթորինգ թեկնածուների քարոզարշավի ողջ ընթացքում՝ ընդհուպ մինչեւ քվեարկության օրը, որով նախատեսվում է քանակական եւ որակական վերլուծության ենթարկել այդ ժամանակահատվածում հեռուստատեսություններում, մամուլում ու սոցիալական ցանցերում տեղ գտած ինֆորմացիան։

Այս օրերի ընթացքում զբաղվելով Երեւանի ավագանու ընտրությունների լուսաբանման մոնիթորինգով վերգետնյա  հեռարձակում իրականացնող ԶԼՄ-ներում, օնլայն մամուլում եւ սոցիալական ցանցերում քարոզչության եւ հակաքարոզչության դեպքերի ուսումնասիրմամբ,  թեկնածուների եւ կուսակցությունների, ընտրական գործընթացների հավասար եւ անկաշառ լուսաբանման հետազոտմամբ՝ մոնիտորինգի թիմը արձանագրել է կեղծ տեղեկությունների տարածում, վիրավորանքներ եւ ծաղր առաջադրված գրեթե բոլոր քաղաքական ուժերի եւ նրանց թեկնածուների նկատմամբ, այդ թվում՝ սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերի կողմից։

Հարկ ենք համարում առանձնացնել հատկապես «Լույս»  եւ «Իմ քայլը»  դաշինքների, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ արձանագրված կեղծ տեղեկատվության տարածման եւ վիրավորանքի դեպքերը։ Ակնհայտ օրինակ է «ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում» վերտառությամբ տեսանյութը, որը տարածվել է Հայաստան անունով կեղծ օգտատիրոջ կողմից։ Տեսանյութը իրականում հին էր՝ արված «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի կողմից 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ։ Այս մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ sut.am կայքում։

Քիչ չեն նաեւ վիրավորական բովանդակությամբ գրառումներն ու մեկնաբանությունները նույն «Իմ քայլը» դաշինքի անդամների կամ նրանց հետ ասոցացվող քաղաքական գործիչների մասին։

Առավել հաճախ նկատվել են վիրավորանքներ եւ զրպարտություններ օգտատերերի կողմից, որոնց կեղծ լինելու հանգամանքի մասին մեր կազմակերպությունը որեւէ բացահայտում չի կատարել։ Ամենայն հավանականությամբ դրանք իրական օգտատերեր էին, ովքեր ոչ կոռեկտ կերպով են արտահայտում իրենց կարծիքը կամ քննադատությունը։

Ընդ որում, այս տեսակետին է հանգել նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորման» պրոպագանդայի մոնիթորինգի ստորաբաժանումը, որը ընտրություններից անկախ մշտադիտարկում է պրոպոգանդան սոցիալական ցանցերում:

Դիտարկման տակ գտնվող հեռուստատեսություններում առայժմ անհամաչափ լուսաբանման ակնհայտ երկու դեպք է արձանագրվել՝ «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների կողմից։ Կեղծ ինֆորմացիայի տարածում չի արձանագրվել, փոխարենը քիչ չէ մանիպուլյատիվ տեղեկատվությունը, որն ակնհայտորեն դրական կամ բացասական ազդեցություն է առաջացնում հեռուստադիտողի մոտ տվյալ քաղաքական ուժի նկատմամբ։ Հարկ է առանձնացնել «Արարատ TV»-ի տրամադրած հեռուստատեսային կոնտենտը, որտեղ տոկոսային հարաբերակցությամբ առավել բացասական կոնտեքստով է ներկայացվում «Իմ քայլը» դաշինքը։

Ընտրությունների սահմաններում «Անկախ Դիտորդի» մեդիա մոնիթորինգի միջանկյալ զեկույցը կհրապարակվի նախքան քվեարկության օրը, իսկ վերջնական զեկույցը՝ ընտրություններից հետո:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Տպել
Partner news