News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Չինարի գյուղից Ռուսաստան թուզ է արտահանվում։ Այս մասին Չինարիում NEWS.am–ի թղթակցին պատմեց գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը։

«Կլիման թույլ է տալիս թուզ աճեցնել։ Այս տարի բավականին բարձր գնով արդեն շուրջ 80 տոննա բարձրորակ թուզ է արտահանվել Ռուսաստան։ Այն պտուղները, որոնք շատ հասած են եւ տեղափոխել հնարավոր չէ, գյուղացիները մուրաբա եւ օղի են պատրաստում։ Հնարավոր է՝ ժամանակի ընթացքում թզի օղին կդառնա Չինարիի բրենդը, ինչպես Արցախում թթի օղին է»,–նշեց վարչական ղեկավարը։

Թուզ աճեցնելու հետ մեկտեղ Չինարիի բնակիչները խաղողագործությամբ են զբաղվում. «Այս տարի Երեւանի կոնյակի գործարանը մտադիր է մոտ 300-400 տոննա խաղող գնել»։

Չինարի ու Այգեձոր գյուղերի միջեւ (Տավուշի մարզի Բերդի շրջանի 2 ամենահեռավոր գյուղերն են) «Էկոգարդեն» ընկերությունը կառուցել է պահածոների գործարան։ Այն գործում է արդեն 10 տարի, այժմ կառուցվում է գործարանի լրացուցիչ հզորություն։

Համայնքի շուրջ 3 տասնյակ բնակիչ զբաղված է այս արտադրությունում. «Աշխատանքը սեզոնային է, սակայն թույլ է տալիս ապահովել թեկուզ սեզոնին 100 հազար դրամ աշխատավարձ։ Անտառները նույնպես հարուստ են, գյուղացիները ունեն տնամերձ հողատարածքներ։ Ապագայում նաեւ տավուշցի ձեռնարկատերերի հետաքրքրության հույս ունենք»,–հայտնեց վարչական ղեկավարը։

Գյուղում տաբեր ծրագրերի շրջանակներում մեկ ու կես տասնյակ ջերմոցներ են կառուցվել մինչեւ 100-140 քառ. մետր տարածքով։ Առաջիկայում կբացվեն սածիլների եւ ելակի աճեցման կոոպերատիվներ։ Գյուղում գործում է դպրոց եւ մանկապարտեզ։ Գյուղը 100 տոկոսով գազաֆիակցված է։ Ապահովված է նաեւ խմելու եւ ոռոգման ջրով։

Սակայն վերջին տարիներին ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մշակել գյուղի վերին հատվածում տեղակայված հողերը։ Շուրջ 400 հեկտարը շատ ռիսկային գոտում է գտնվում, 2015 թվականից այն չի հաջողվում օգտագործել։

«2015 թվականին ԿԽՄԿ միջնորդությամբ հաջողվել է ադրբեջանական կողմի հետ հասնել պայմանավորվածության գյուղացիների անվտանգության երաշխիքների  շուրջ գյուղատնտեսական աշխատանքների շրջանում 10 օրվա ժամկետով։

Կոմբայններին թույլ են տվել աշխատել ընդամենը 4 ժամ, որից հետո ադրբեջանական կողմը սկսել է կրակել, ընդ որում կրակի տակ է հայտնվել Կարմիր խաչի մեքենան։ Սրանից հետո որոշվել է մշակել միայն քիչ թե շատ անվտանգ գոտում՝ գյուղից 2.5 կմ ներքեւ  գտնվող հատվածում հողերը»,–պատմեց Սամվել Սաղոյանը։

«Սահմանամերձ գյուղերի բնակիչները ամուր կամք ունեն։ 28 տարի հակառակորդը չի դադարում գնդակոծել Չինարին։ Նախորդ տարվա համեմատ հանգիստ էր, սակայն արդեն մի քանի շաբաթ հակառակորդը սկսել է հաճախակի կրակել։ Ազգ–բանակ հասկացությունը շատ ուժեղ է մեզ մոտ եւ գյուղի երիտասարդությունը ամեն րոպե պատրաստ է կանգնել զինվորի կողքին։ Հավատացեք, որ մեր սահմանները կան եւ կլինեն անձեռնմխելի»,–եզրափակեց Սաղոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ