News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ՀՀ դատախազության համակարգի 77 աշխատակիցներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն եւ արդյունավետ կատարելու համար պարգեւատրվել են «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով:

Սեպտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ պարգեւատրման արժանացած դատախազներին ՀՀ գլխավոր դատախազի կողմից մեդալների հանձնման արարողությունը:

Այդ առթիվ շնորհավորելով բոլորին՝ Արթուր Դավթյանը նշեց, որ կրկնակի հպարտության առիթ է նման պարգեւի արժանանալ՝ ինչպես մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկի՝ Անկախության հռչակման տարեդարձի, այնպես էլ դատախազական համակարգի 100-ամյակի կապակցությամբ, քանի որ այն իր մեջ պարունակում է ինչպես հայոց պետականության, այնպես էլ 100-ամյա դատախազական համակարգի պատմությունը կերտած նախորդ սերունդների գործի արժեւորման խորհուրդը:

Նշելով, որ այդ հանգամանքը պարտավորեցնում է առավել մեծ պատասխանատվությամբ մոտենալ ստանձնած առաքելությանը՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցած լրջագույն փոփոխությունների համատեքստում առավել հստակ է դրսեւորվում, որ դատախազության որդեգրած արժեքները եւ գործելաոճը ճիշտ էին, ինչը նաեւ համակարգի հանդեպ հանրության վստահության ամրապնդման կարեւորագույն «Մենք առաջնորդվում ենք այսպես կոչված «ստերիլ իրավաբանությամբ», այսինքն բացառապես օրենքով, իրավունքով, խղճով եւ բարոյականությամբ: Օրենքի առջեւ բոլորի հավասարության, պատասխանատվության անխուսափելիության ապահովումը, պետական շահերի լիարժեք պաշտպանությունը մեր առաջնահերթություններն են: Սակայն դրանցով հանդերձ՝ մեր ամենակարեւոր խնդիրներից են քրեական դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների պաշտպանությունն ու  քրեադատավարական ընթացակարգերի օրինահենության ապահովումը: Այս կարեւորագույն խնդիրների լուծման հիմնական գրավականը ոմանց մոտ ներքին ծուլության հաղթահարումն է,ինչը հռչակել ենք որպես մեր ներքին թշնամի, ինչպես նաեւ իրավական մտքի զարգացմանը զուգընթաց նոր գիտելիքների ձեռքբերմանը, մասնագիտական հմտությունների կատարելագործմանը ամենօրյա ուշադրություն դարձնելը: Վերջիններիս մրցակցային դատավարության պարագայում այլեւս հանդիսանում են յուրաքանչյուր դատախազի հիմնական գործիքները, զենքերը»,-ասել է Արթուր Դավթյանը:

Նա առանձնահատուկ կարեւորել է ցանկացած միջավայրում դատախազի՝ հանրության համար ընկալելի եւ գնահատելի կերպարին համահունչ վարքագծի դրսեւորումն ու կենցաղավարումը, որոնցով Հայաստանի դատախազության համակարգի ներկայացուցիչները պետք է լինեն օրինակելի:

Իրենց աշխատանքում բոլոր պարգեւատրվածներին մաղթելով նորանոր ձեռքբերումներ՝ Արթուր Դավթյանը համոզմունք է հայտնել, որ դրանք խարսխված կլինեն հռչակված սկզբունքների եւ արժեհամակարգի վրա:

Տպել
Ամենաշատ