News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հայաստանը չպետք է միանա Սիրիայում ռուս–թուրքական արյունոտ դաշինքին». այս բովանդակությամբ պաստառներով բողոքի ակցիա են իրականացրել Երեւանի մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից տարածքում։  Ակցիայի կազմակերպիչներից՝ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց, որ Սիրիա հայ–ռուսական առաքելություն ուղարկելը դեմ է Հայաստանի ազգային շահին։

«Ռուսները չեն թաքցնում, որ դա արվում է Պուտինի ճնշման ներքո, հայտնի է, որ նման պահանջներ եղել են եւ նախկինում, բայց Սերժ Սարգսյանը կարողացել էր դիմադրել դրան եւ զորք չէր ուղարկել։ Ավելի զարմանալի է, որ ազգաբնակչության մեծամասնության քվեն ունեցող վարչապետը գնաց այդ քայլին, այն էլ առանց լայն հասարակական քննարկման, մենք դա չենք հասկանում, չենք ընդունում եւ բողոքում ենք դրա դեմ»,–ասաց Տիգրան Խզմալյանը։

Նա մտահոգություն հայտնեց, որ Արեւմտյան երկրները պատժամիջոցների են ենթարկում Ռուսաստանին՝ նախ եւ առաջ արտաքին քաղաքականության, մասնավորապես, Ուկրաինայում եւ Սիրիայում ռազմական գործողությունների պատճառով։

«Հայաստանը արդեն զրկվել է Միացյալ Նահանգների ֆինանսական օգնությունից բավական անհեթեթ պատճառով, որովհետեւ ՄԱԿ–ում քվերակել է Երուսաղեմի կարգավիճակի դեմ, իսկ հիմա, փաստորեն, անհասկանալի պատճառով, հակառակ մեր ազգային շահերի եւ պետական համբավի, սակրավորների խումբը մեկնում է Սիրիա, առանց միջազգային մանդատի, առանց ՄԱԿ–ի համաձայնության եւ դա մեծ վտանգ է պարունակում մեզ համար»,–ընդգծեց Տիգրան Խզմալյանը։

Հիշեցնենք՝ պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ հայ–ռուսական աննախադեպ համագործակցության շրջանակում Սիրիա է ուղարկվելու հումանիտար առաքելություն։ Այն բաղկացած է լինելու հարյուր մասնագետից՝ բժիշկներ, սակրավորներ եւ նրանց պահպանության հոգսերը ստանձնած անձնակազմ։ Հայտնի չէ, թե որտեղ եւ ինչպես են նրանք տեղակայվելու Սիրիայում, ընդ որում՝ հայկական դրոշի ներքո, սակայն հայտնի է, որ խոսք չի կարող գնալ այդ առաքելության միջազգային մանդատի մասին։ Հայտարարվում է, որ առաքելությունը որեւէ առնչություն չի ունենալու ռազմական գործողությունների հետ, հետեւաբար, չնայած անձնակազմը բաղկացած է զինվորականներից, առաքելությունը լինելու է բացառապես մարդասիրական։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ