News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՅԴ–ն հայտարարություն է տարածել, որում որոշակի պարզաբանումներ է ներկայացնում  վերջին քաղաքական զարգացումների կապակցությամբ իրենց մոտեցումների և դիրքորոշումների վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։

«Ազգային համաձայնության կառավարությանը մաս կազմելու Հ.Յ.Դ. որոշումը պայմանավորված է եղել համաժողովրդական շարժումը արդյունավորելու, երկիրը առանց ցնցումների զարգացման նոր հուն տեղափոխելու անկեղծ մղումով։ Մենք հավատարիմ ենք եղել մեր պայմանավորվածություններին և փորձել ենք համախոհությամբ կարգավորել բոլոր առաջացող խնդիրները՝ անկախ անցնող ամիսների ընթացքում արտաքին և ներքին քաղաքական տարբեր հարցերի վերաբերյալ տարակարծիք մոտեցումներից և գործելաոճի տարբերություններից։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավից մեկնարկած գործընթացը արհեստականորեն լարվածություն հաղորդեց ներքաղաքական կյանքին։ Հասարակությանը բարիկադներով տարանջատելու, քաղաքական ուժերին հանիրավի կերպով «սև ու սպիտակի» բաժանելու փորձը, ըստ էության, հարցականի տակ դրեց գործընկերային հարաբերությունները, իսկ հետագա զարգացումները փաստեցին, որ դրա համար վստահության պաշարը հասել է նվազագույնի։ Ազգային համաձայնության կառավարությունից դուրս գալու որոշումը այդ պայմաններում ուղղակի անխուսափելի էր։

Շահարկումների տեղիք տված «Ազգային ժողովի կանոնկարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որին կողմ է քվեարկել Հ.Յ.Դ. պատգամավորական խմբակցությունը, որևէ կերպ նպատակ չի ունեցել ձախողել արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ բանակցային գործընթացը, ընդհակառակը՝ այն միտված է եղել երաշխավորել սահմանադրական ճանապարհով և բացառապես իրավունքի ուժով Ազգային ժողովի արձակումը։ Մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտությունների անցկացման անհրաժեշտությունը հստակ ամրագրված է կառավարության գործունեության ծրագրում և որևէ կերպ չի վիճարկվել։ Սակայն հարկ է նկատի ունենալ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ի սկզբանե ենթադրում էր հստակ քայլեր և գործողություններ ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոփումների իրականացման ուղղությամբ՝ իրապես ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նպատակով։

Այս առումով կարևոր է նաև, որ մինչև խորհրդարանական ընտրությունները անդրադարձ կատարվի ՀՀ ոստիկանության կարգավիճակի փոփոխության հարցին` նրա գործունեությունն ավելի լայն հանրային և խորհրդարանական վերահսկողության տակ դնելու համար˒ ինչը նաև պայմանավորված է ընտրական գործընթացներում ոստիկանությանը կառավարության գործունեության ծրագրով վերապահված դերակատարությամբ»,–ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ