News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առանց Հայոց ցեղասպանության ճանաչման անհնար է խուսափել նոր ոճրագործություններից: Այս մասին հոկտեմբերի 9-ին Անթալիայում Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, ասել է.

«Հարգելի նախագահող, տիկնայք եւ պարոնայք, առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի եւ Կորեայի խորհրդարանների խոսնակներին`այս միջոցառումը նախաձեռնելու եւ ամենամեծ մայրցամաքի երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների միջեւ երկխոսության հարթակ ստեղծելու ուղղված ջանքերի համար: Միջխորհրդարանական համագործակցության այս ձեւաչափը կարճ ժամանակում ապացուցեց իր արդիականությունն ու կարեւորությունը:

Լինելով հնագույն մշակույթների եւ քաղաքակրթությունների ծննդավայր` եվրասիական տարածաշրջանը մեծ տնտեսական ներուժ ունի: Անհրաժեշտ է մեծացնել մայրցամաքի երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Հարգելի գործընկերներ, Հայաստանը, գտնվելով Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում, հազարավոր տարիների ընթացքում կապող օղակ է հանդիսացել աշխարհի երկու մասերի միջեւ: Այսօր Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է: Մենք մեծապես կարեւորում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության զարգացումը շահագրգիռ երկրների եւ հիմնական ինտեգրացիոն միավորումների հետ: Այսպիսով, անցյալ տարի Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Մենք հիմք ենք ընդունում, որ մեկ ինտեգրացիոն համայնքում անդամակցությունը չպետք է սահմանափակի անդամների` այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու հնարավորությունը` հաշվի առնելով բոլոր պարտավորությունների կատարումը:

Ժամանակակից տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական նախադրյալները բաց սահմաններն են, ռեսուրսների ազատ տեղաշարժը, մրցակցության հավասար պայմանները: Այս առումով շրջափակումը եւ փակ սահմանները անբնական եւ անընդունելի խոչընդոտներ են երկկողմ եւ բազմակողմ տնտեսական համագործակցության ճանապարհին:

Ցավոք, Թուրքիան, երկիր, որը կազմակերպել է նման կարեւոր եւ ներկայացուցչական միջոցառում, 1993 թվականից միակողմանի փակել է իր սահմանները Հայաստանի հետ: Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առանց նախապայմանների: Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անընդունելի է:

Ցավոք, այսօր մեր տարածաշրջանը այնպիսի մարտահրավերների առջեւ է, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունն ու այլատյացությունը:

Այս տարի աշխարհը նշում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Հայոց ցեղասպանությունը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ճանաչել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան եւ ամեն տարի աճում է այդ երկրների ու կազմակերպությունների թիվը: Ես` որպես Ցեղասպանությունից փրկված ժողովրդի ժառանգորդ, այս ամբիոնից ելույթ ունենալով, հայտարարում եմ, որ առանց նախկին հանցագործությունների ճանաչման, հնարավոր չէ խուսափել նոր հանցագործություններից:

Հարգելի գործընկերներ, Եվրասիայի կայուն զարգացումը հնարավոր է միայն անվտանգ միջավայրում: Բայց Եվրասիայում գոյություն ունեն շրջաններ, որոնք ներգրավված են հակամարտություններում եւ երկարատեւ խաղաղության վերականգնումը մեծ ջանքեր ու կամք է պահանջում: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ մեր տարածաշրջանի կարեւորագույն հարցերից մեկը: Ադրբեջանի կողմից որպես արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարություն ընտրված ռազմատենչ հռետորաբանությունը եւ ագրեսիվ գործողությունները խաթարում են անվտանգության եւ կայունության հիմքերը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ մայրցամաքում:

Հայաստանը կողմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ քաղաքական միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, պետությունների տարածքային ամբողջականության հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային հակամարտություն չէ, քանի որ ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել, այլ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման հարցն է: Հակամարտության լուծումն առանց այդ իրավունքի լիարժեք իրացման անհնար է:

Անդրադառնալով համաժողովի օրակարգին` կցանկանայի նշել, որ տարածաշրջանի կայուն խաղաղության, անվտանգության եւ զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց եւ կառուցողական երկխոսությունը:

Վերջում, մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հանդիպումը կազմակերպելու համար եւ հաստատում 2020 թվականին համաժողովը Հայաստանում հյուրընկալելու մեր երկրի պատրաստակամությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ