News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում հոկտեմբերի 22-24-ը կանցկացվի Եվրասիական գործընկերության միջազգային 3-րդ ֆորումը։ Այդ մասին հայտնել են ֆորումի կազմակերպիչները։

Ֆորումի աշխատանքներին կմասնակցեն կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարար աշխարհի եւ փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ի , Չինաստանի, Հարավային Կորեայի, Իրանի, Հնդկաստանի եւ այլ երկրների համաշխարհային հայտնի ընկերությունների ղեկավարներ։

ԵԳՄՖ-ի աշխատանքը այս տարի կապակցված է Եվրասիական տնտեսական շաբաթվա միջոցառումների հետ։ Այն ԵՏՄ տարածքում խոշորագույն միջազգային գործարար ֆորում է, որն ընդլայնում է փոխադարձ հնարավորությունները՝ բիզնեսի արդյունավետ երկխոսության եւ ազգային ու վերազգային մակարդակի կարգավորումների համար։

Ֆորումի շրջանակներում հոկտեմբերի 23-ին կկայանա նաեւ «Տեխնոլոգիական առաջընթացը եւ ԵՏՄ երկրների պոտենցիալ հնարավորությունների բացահայտումը» լիագումար նիստը, որի ժամանակ ելույթ կունենա ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ԵՏՄ կառավարությունների այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ Մոսկվայի կառավարության նախարար Վլադիմիր Պետրոսյանը։

ԵԳՄՖ-ի աշխատանքներին կմասնակցի ԱՄՆ-ից ժամանած ներկայացուցչական պատվիրակությունը, մասնավորապես՝ երկրի նախագահի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին։

Ֆորումի ընթացքում գործարար շրջանակների համար կկազմակերպվի կոնտակտների փոխանակման միջոցառում, ինչպես նաեւ՝ փոքր նիստեր ու կլոր սեղաններ, որոնց թվում հոկտեմբերի 23-ին կկազմակերպվի Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գոտիների ամրապնդման եւ զարգացման հարցերով կլոր սեղան, որի կազմակերպիչը Ռուսաստանի հայերի միությունն է։

Կլոր սեղանի աշխատանքներին կմասնակցեն գործարարներ եւ փորձագետներ, ինչպես նաեւ՝ ՀՀ նախարարությունների եւ սահմանամերձ գոտիների ու համայնքների կազմակերպությունների ղեկավարներ։ Հատուկ կլոր սեղանին մասնակցելու են հրավիրվել ռուսաստանցի տասնյակ ձեռներեցներ, ովքեր ծնունդով Հայաստանի սահմանամերձ գոտիներից են։

Հոկտեմբերի 24-ին Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ կկայանա նիստ՝ արտասահմանյան հայ համայնքների հայտնի գիտնականների մասնակցությամբ։ Համակարգողը կլինի Արտյոմ Օգանովը (Սկոլտեխ), ով աշխարհում ամենաշատ մեջբերվող տեսաբան-բյուրեղագետն է, հանքաբանը, քիմիկոսը, ֆիզիկոսը, նյութաբանը։ Նա ավելի շատ հայտնի է նոր նյութերի եւ բյուրեղների համակարգչային դիզայնի մեթոդների ստեղծման իր աշխատանքներով, բարձր ճնշման պայմաններում (մասնավորապես՝ Երկրի ընդերքում) նյութի վիճակի ուսումնասիրություններով։ 2010թ․ 34 տարեկանում Օգանովը դարձավ Նյու Յորքի նահանգի Սթոուն Բրուքի համալսարանի ամենաերիտասարդ պրոֆեսորը։ Սկսած 2005թ․ նա հհրավիրվում է Իտալիայի, Ֆրանսիայի, Չինաստանի համալսարաններ՝ դասախոսություններ կարդալու։ 2011թ․ «Ֆորբսը» Օգանովին ներառել է ռուսաստանցի 10 ամենահաջողակ գիտնականների ցանկում, ովքեր աշխատում են եւ Ռուսաստանում, եւ արտասահմանում։

Կլոր սեղանի խոսնակների թվում են ՌԴ համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Հարություն Ավետիսյանը եւ ռուսաստանցի հայտնի գենոլոգ, պրոֆեսոր Սուրեն Զաքյանը՝ Ցիտոլոգիայի եւ գենետիկայի ինստիտուտից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ