News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ի տարբերություն 2007-ին խմբագիր Հրանտ Դինքի սպանության` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միանգամայն այլ կերպ է արձագանքել Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի անհետացմանը: Այս մասին թուրքական Ahval լրատվամիջոցի կայքում գրում է թուրք լրագրող Էրգուն Բաբախանը:

Նրա խոսքով` Դինքին ոչ թե դեսպանատանը, այլ Ստամբուլի կենտրոնում բացահայտ կերպով են սպանել` որպես հայերին զգուշացում: Դինքը նույնիսկ կանխատեսել էր, որ դա տեղի կունենա, ոստիկանությանն էլ հետախուզությունն էր տեղեկացրել, սակայն ոչինչ չձեռնարկվեց, որպեսզի կանխվի դա: Եվս մեկ հայ ավելացավ Թուրքիայում սպանված հազարավոր հայերի թվին, գրել է լրագրողը:

Դինքը, հեղինակի խոսքով, կոտրում էր արգելքները: Նրա փաստաբանները ենթադրում են, որ Դինքը սպանվել է մի կառույցի կողմից, որի մեջ ներգրավված էին քաղաքացիական եւ ռազմական բյուրոկրատիայի անդամներ, հետախույզներ եւ ԱՄՆ-ում բնակվող իսլամիստական հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած շարժման անդամներ:

«Դինքի մահվան 12-րդ տարելիցն է մոտենում, մինչդեռ իշխանական կուսակցությունը որեւէ կերպ չի փորձել բացահայտել նրա սպանությունը: Ավելին, օգնել է թաքցնել ճշմարտությունը»,- գրում է Բաբախանը:

Բաբախանը կարծում է, որ Դինքի սպանությունը բարդվել է պատահական մեկի վրա, իսկ իրական մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել. գործը մոռացության է մատնվել: Թուրք հասարակության մեջ այդ սարսափելի սպանությունը խոր հետք է թողել, եւ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց` բողոքելու, սակայն նրանց զայրույթը մնացել է անպատասխան:

Հեղինակի կարծիքով՝ Էրդողանը վիրավորվել է, որ սաուդցիները ոչ իրեն, ոչ Թուրքիայի օրենքները հաշվի չեն առել եւ Ջամալ Խաշոգջիի հետ հաշվեհարդար են տեսել Թուրքիայի տարածքում: Սակայն Խաշոգջին նաեւ Washington Post-ի սյունակագիր էր, որի օգնությամբ հիմնավորվում էր ազատական Ամերիկայի հակակրանքը սաուդցիների նկատմամբ: Էրդողանը հիանալի կերպով օգտվեց առիթից, որպեսզի Սաուդյան թագաժառանգ Մոհամմադ իբն Սալմանին եւ ԱՄՆ նախագահ Թրամփին փաստի առաջ կանգնեցնի եւ ստիպի, որ իբն Սալմանը իրենից եւ ԿՀՎ ղեկավարից հանդիպում խնդրի:

«Այդ օրվանից Խաշոգջիի թեման հանվեց թուրքական մամուլի օրակարգից: Այլեւս բացահայտումներ չեղան, եւ թուրք հասարակությունն էլ մամուլի ազդեցությամբ դադարեց հետեւել դեպքերի զարգացմանը»,- գրում է Բաբախանը: Նրա համոզմամբ` Էրդողանը կամ հասել է ուզածին, կամ էլ նրան խիստ սպառնացել են, քանի որ նա բոլորովին հրաժարվել է սպանությունը բացահայտելու պատասխանատվությունից:

Բաբախանը անմտություն է համարում հավատալ, որ հարյուրավոր լրագրողների բանտարկող, թերթեր եւ հեռուստաալիքներ փակող իսլամիստ Էրդողանը սկզբունքային կլիներ: Սակայն լռելով թույլ տալ, որ սաուդցիների համբավը վերականգնվի, իսկ լրագրության եւ մամուլի ազատությունը վերացվի, ըստ լրագրողի՝ պատմության դեմ կատարված հանցանք է:

«Էրդողանը ավտորիտար առաջնորդ է, որը վերացրել է խոսքի ազատություն ու ժողովրդավարությունը: Հարկավոր է ամեն հարմար առիթով նրան այդ փաստի առաջ կանգնեցնել»,- եզրափակել է Բաբախանը:                                                                                                    

Տպել
Ամենաշատ