News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքում այսօր շահագործման են հանձնվել հանգստի երկու գոտիներ: Նոր այգիների պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել է Երեւանի քաղաքապետը:

Երեւանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով բարեկարգված Կոմիտասի անվան զբոսայգում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը շրջել է այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: 1,8 հա տարածք զբաղեցնող զբոսայգում իրականացվել են Արշակունյաց պողոտայի կողմից մուտքի հատվածի շինության թարմացման, նոր ճեմուղիների կառուցման, ոռոգման նոր ցանցի անցկացման աշխատանքներ: Ծրագրի շրջանակում այգում տեղադրվել են զրուցատաղավարներ, նստարաններ, մանկական խաղեր, կառուցվել է ջրավազան, հասարակական զուգարան: Հանգստի գոտին լուսավորվում է ժամանակակից էներգախնայող լուսատուներով: Զբոսայգին հարմարեցված է նաեւ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար, տարբեր հատվածներում կառուցվել են թեքահարթակներ:

Առաջին սմարթ այգին Երեւանում

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում կառուցված այգին Բադալյան ընտանիքի նվերն է Երեւանի ծննդյան 2800-ամյակի առթիվ: Հիմնովին վերափոխված շուրջ 1 հա տարածք ունեցող հանգստի գոտին իր տեսակով առաջինն է Երեւանում: Ծրագրի շրջանակում առանձնակի կարեւորվել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, այգին ունի արեւային էներգիայով սնուցվող համակարգեր, որոնք կապահովեն գիշերային լուսավորությունը եւ, ընդհանրապես, այգու էներգամատակարարումը: Բացի այդ, հանգստի գոտին նաեւ երեւանյան առաջին այգին է, որտեղ կիրառվել են տեխնոլոգիական նոր մոտեցումներ ու խելացի լուծումներ: Մասնավորապես՝ այգու արտաքին լուսավորությունն ապահովող լամպերն ինքնակառավարավող են եւ ուժեղ են լուսարձակում բացառապես այն դեպքում, երբ տարածքում այցելուներ կան:

Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ Վահե Բադալյանը նշել է, որ այգում կառուցվել են արհեստական ջրավազաններ, հասարակական զուգարան, տեղադրվել են նստարաններ, մանկական խաղահրապարակներ եւ հուշարձաններ: Իրականացված ծրագրի շրջանակում այգին ապահովվել է նաեւ անվճար WI-FI կապով: Ի դեպ, հանգստի գոտում առեւտրային որեւէ գործունեություն չի ծավալվելու:

Շնորհակալություն հայտնելով Բադալյան ընտանիքին նախաձեռնության համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ ժամանակակից նմանատիպ մոտեցումներն ու լուծումները պետք է կիրառելի դառնան նաեւ երեւանյան մյուս հանգստի գոտիներում:

«Սա Երեւանը սիրելու ամենալավ միջոցն է եւ այն արտահայտելու ամենալավ ձեւը, որ մարդիկ սեփական միջոցներով այսպիսի լավ նվերներ են անում Երեւանին: Վստահ եմ՝ երեւանցիները մեծ հաճույքով շատ լավ ժամանակ կանցկացնեն այս այգում: Շատ մեծ աշխատանք է կատարված, եւ շատ ողջունելի է, որ այգում նորագույն տեխնոլոգիաներ են կիրառվել, օգտագործվում է նաեւ արեւային էներգիան: Սա հենց այն է, ինչին պետք է ձգտենք, որ հետագայում Երեւանում բոլոր այգիները հագեցած լինեն այս տեխնոլոգիաներով»,- նշել է քաղաքապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ