News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը չի փոխել եւ չի պատրաստվում փոխել Ռուսաստանի տեղն իր արտաքին քաղաքական կողմնորոշումներում։ Այս մասին «МК»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը։

Մեկնաբանելով անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի կոչն այն մասին, որ Հայաստանը պետք է ազատվի «պատմական կաղապարներից», դեսպանն ասել է, որ ցանկացած ժողովուրդ, ցանկացած քաղաքակրթություն ապրում է «պատմական կաղապարների» որոշակի ընկալմամբ՝ իրականության պատմական ընկալմամբ, եւ ապագան կառուցում է՝ ելնելով պատմությանն ուղղված հետադարձ հայացքից։

«Պատմական կաղապարների» թեման շատ հետաքրքիր է։ Ճիշտ է, ես չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդականը, ի՞նչ ուղությունների մասին է խոսքը՝ Արեւմուտք, Արեւելք, Հյուսիս, մեր հարեւանները։ Իմ կարծիքով պատմությանը պետք է հարգանքով վերաբերվել, սակայն նաեւ ապագա ստեղծել։ Տվյալ դեպքում քանի որ պարոն Բոլթոնն իր մեծ հարցազրույցում ասել է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին, գուցե նա նկատի է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված «պատմական կաղապարները»։ Դժվար է ենթադրել։ Ամեն դեպքում, հարգելով պատմական հիշողությունը, մենք նոր Հայաստան ենք կառուցում։ Եւ մեր արտաքին քաղաքականության մեջ ակնարկ չկա մեր երկիրը գեոքաղաքական պայքարի կամ գեոքաղաքական մրցակցության հրապարակ դարձնելու մասին։

Եթե խոսքը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների մասին է, ապա դրանք, իհարկե, ունեն մի կողմից հոգեւոր եւ մշակութային կապերի բազմադարյան պատմություն՝ ամրապնդված ընդհանուր անցյալով, մյուս կողմից՝ մեր հարաբերություններն այսօր գտնվում են ռազմավարական համագործակցության մակարդակի վրա եւ նպատակաուղղված են բոլոր՝ առեւտրատնտեսական, ռազմաքաղաքական, հոգեւոր-մշակութային ոլորտներում դրանց զարգացմանը։ Այդ պատճառով կարող եմ հաստատ ասել, որ մենք մտադիր ենք կառուցել արտաքին քաղաքականության մեր սեփական օրակարգը»,- նշել է Տողանյանը։

Խոսելով Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման հեռանկարի եւ ԵՏՄ-ի մասին՝ դիվանագետն ասաց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացել են անկախության ձեռքբերումից հետո բոլոր տարիների ընթացքում, սակայն խոսքը դրանց ուռճացման կամ այլ հարթակում մեր հարաբերությունների հաշվին զարգացման մասին չէ։ «Հայաստանը չի փոխել եւ չի պատրաստվում փոխել Ռուսաստանի տեղն իր արտաքին քաղաքական կողմնորոշումներում։ Ռուսաստանի հետ մեր ռազմավարական փոխհարաբերությունների մակարդակն անսասան է։ Ավելին, նոր կառավարությունն աշխատում է տնտեսական եւ հումանիտար ոլորտում մի քանի ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ այդ հարաբերությունները զարգացնելու համար։ Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության եւ ինտեգրացիոն այլ միավորումների (օրինակ՝ ՀԱՊԿ) շրջանակներում մեր պարտավորություններին, ապա այդ հարաբերություններին ոչինչ չի սպառնում։ Մենք, իրոք, գոհ ենք այդ բազմակողմանի փոխգործակցության մակարդակից եւ առավել սերտ ու խորը համագործակցության մեխանիզմներ ենք մշակում։ Եւ մենք տնտեսության օրինակով ակնհայտորեն տեսնում ենք, թե ինչպես են զարգանում մեր առեւտրային հարաբերությունները՝ 2017 թվականը վերջին երեք տասնամյակներում ռեկորդային էր Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառությամբ։ Եթե խոսենք ԵՏՄ-ի մասին, ապա 2018թ․ հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով, անցյալ տարվա համեմատ, 22 տոկոս աճ է նկատվում։ Մենք հետագայում եւս զարգացնելու ենք այդ հարաբերությունները։ Եւ ԵՏՄ մտնելիս մեր ստանձնած պարտավորություններն անսասան են։ Նույնը վերաբերում է ՀԱՊԿ-ին»,- ասաց Տողանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ