News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանում շինարարական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն: Գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, փաստաթղթերի ցանկը, ձեւաթղթերը, դիմումի օրինակները հասանելի են Երեւանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքի «Մեկ պատուհան» բաժնում:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը նշում է. «Քաղաքացիներն առաջին փուլով պետք է ներկայացնեն էսքիզային տարբերակ, թե ինչ շինարարական աշխատանքն են պատրաստվում իրականացնել, որի հիման վրա տրամադրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք: Անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ այն ներկայացնելով քաղաքապետարան՝ քաղաքացիները սահմանված ժամկետում կստանան շինարարության թույլտվություն»:

Ի դեպ, եթե բնակելի տունը կամ այգետնակը քաղաքաշինական գոտուց դուրս է, ապա օրինակ՝ պատշգամբի, տանիքի կառուցման կամ վերակառուցման համար թույլտվությունները կարելի է ստանալ նաեւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից: Կախված շինարարության տեսակից՝ թույլտվությունը տրամադրվում է մինչեւ 15-օրում:

«Եթե դուք արդեն ստացել եք թույլտվություն, ապա կարեւոր է պահպանել շինարարական հրապարակների՝ ավագանու որոշմամբ սահմանված պայմանները: Նախ՝ տեսանելի վայրում փակցնել իրազեկող ցուցանակներ, որտեղ պետք է լինեն կառույցի վերջնական տեսքը, շինթույլտվության տրամադրման ամսաթիվը, համարն ու ժամկետը, նաեւ տվյալներ սեփականատիրոջ, կառուցապատողի մասին եւ մի շարք այլ տեղեկություններ: Հաճախ հենց այս ցուցանակների բացակայության պատճառով են քաղաքացիներն ահազանգում ապօրինի շինարարության մասին» ,-նշում է Ռուբեն Խոջայանը:

Վիճակագրության համաձայն այս տարվա նոյեմբերի 1-15-ը քաղաքացիների կողմից ստացվել է հողազավթման եւ ապօրինի շինարարության 91 ահազանգ, որոնցից 36 դեպքերում շինարարությունն անօրինական է ճանաչվել:  30-ի նկատմամբ նշանակվել է վարչական տույժ, 11-ի հետեւանքներն էլ վերացված են: Նշենք, որ քաղաքացիների կողմից ապօրինության հետեւանքները սեփական ուժերով չվերացնելու դեպքում վարչական շրջանների ուժերով ապօրինի կառույցը քանդվում է: Երեւանի քաղաքապետարանը մեկ անգամ եւս տեղեկացնում է՝  մայրաքաղաքում առանց թույլտվության այլեւս որեւէ շինարարություն չի իրականացվելու:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ