News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի լեռներում թաքնված Կալավան գյուղը դրախտի հասցե է էքստրեմալ հանգստի, ասկետիկ կենսակերպի սիրահարների եւ պարզապես նրանց համար, ովքեր քաղաքային եռուզեռից առանձնանալու ցանկություն ունեն (ֆոտոռեպորտաժ)::

Վերջին տարիներին Կալավանը ավելի շատ զբոսաշրջիկների է գրավում Հայաստանից եւ աշխարհից՝ լեռնային բարձր ու բացառիկ դիրքի, հարուստ պատկերների եւ ամենակարեւորը՝ հյուրասեր, բարեհամբույր եւ անկեղծ մարդկանց շնորհիվ:

Ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա գտնվող Կալավան գյուղ հասնելու համար, ճանապարհորդին հարկավոր է հաղթահարել 7 կմ լեռնային ոլորապտույտ ճանապարհ, անցնել խիտ անտառի միջով: Ընդ որում, այդ ճանապարհը հնարավոր է անցնել միայն խորհրդային ամուր մեքենաներով կամ ամենագնացներով:

Ոլորանները մեզ հաջողվեց անցնել մոտ 40 րոպեում: Մեր վարորդը պատմեց, որ այս ճանապարհը վաղուց մոռացել է, թե ինչ է վերանորոգումը. հեռավոր լեռնային գյուղի խնդիրները իշխանությունների ուշադրությունից հաճախ են վրիպում:

Բայց չնայած բարդ սոցիալական դրությանը, ենթակառուցվածքների ողբալի վիճակին, ճանապարհների, խանութնների եւ կյանքի տարրական պայմանների բացակայությանը, Կալավանը աստիճանաբար վերածնվում է՝ իր խնդիրները վերածելով մրցունակ առավելությունների, եւ մարդիկ սկսում են մոռանալ, թե ինչ է հուսահատությունը եւ անելանելիությունը:

Տեղացի 38-ամյա Ռոբերտ Ղուկասյանը մեզ պատմեց, թե որն է այդ փոքրիկ գյուղի հաջողության գաղտնիքը:

Այսօր գյուղում ընդամենը 130 մարդ է ապրում, մինչդեռ խորհրդային տարիներին բնակչության թիվը հասնում էր մոտ 300-ի: Ռոբերտին ուրախացնում է, որ տեղական դպրոցն այլեւս դատարկ չէ: Այնտեղ սովորում է 15 աշակերտ: 2015-ին դպրոցում 9 աշակերտ կար:

2013-ին Ռոբերտը, ստանալով հնագետի եւ հնակենդանաբանի մասնագիտություն եւ մասնակցելով տարբեր գիտական նախագծերի եւ արշավախմբերի, որոշել է Կալավանում հիմնադրել Time Land գիտաուսումնական հիմնադրամը՝ նպատակ ունենալով մասնագիտորեն զբաղվել համայնքի զարգացման հարցերով՝ կենտրոնանալով զբոսաշրջության եւ շրջակա միջավայրի պահպանման հարցերի վրա:

«Ես փորձեցի ինչ-որ բան անել իմ գյուղի համար, որպեսզի հետո ինձ չմեղադրեմ, որ հնարավորությունը կորցրել եմ: Առաջին հերթին ես կենտրոնացել եմ գիտակրթական տարրերով հնագիտական զբոսաշրության վրա, քանի որ Կալավանը հին բնակավայր է, որտեղ պեղումներ են կատարվում »,- պատմում է Ռոբերտը:

Նախագածի մեկնարկից արդեն մեկ տարի անց Կալավան սկսեցին գալ զբոսաշրջիկներ: Ամեն տարի գյուղն ընդունում է ավելի քան 2500 մարդու, սակայն պահանջարկը 10 հազարի է հասնում: Կալավանն առաջին հերթին հետաքրքիր է հնագետների, գիտաշխատողների եւ ուսանողների համար, որոնց գրավում է պարզ գյուղական կենցաղը՝ ցանկանում են հյուղակում ապրել, խարույկ վառել, բնությունից սնունդ հայթայթել եւ այլն:

Դրանից հետո Ռոբերտը մշակել է համայնքի զարգացման տասնամյա ծրագիր, որպեսզի ցույց տա գյուղի կյանքը՝ առանց չափազանցությունների եւ արհեստականության, մարդկանց մեջ դրական տրամադրվածություն առաջացնի եւ փորձի հասկանալ, թե ինչպիսի ներուժ ունի գյուղը, նրա տեղանքը եւ մարդիկ:

Ռոբերտի համայնքային զարգացման ծրագրով հետաքրքվել են շատ կազմակերպություններ, նաև՝ արկածային եւ էքստրեմալ զբոսաշրջությամբ մասնագիտացած «Գարդման տուր» գործակալությունը, զբոսաշրջային օպերատորների Adventure Travel Trade Association-ը, որը Ռոբերտին հրավիրել է ելույթ ունենալ միջազգային զբոսաշրջային խորհրդաժողովում, որպես երեք հիմնական զեկուցողներից մեկը: Այնուհետ Ռոբերտը դարձել է տարբեր միջազգային լրատվամիջոցներում մոտ 50 հոդվածների հեղինակ, ներառյալ National Geographic ամսագրի իսրայելական հրատարակությունը:

Ռոբերտի աշխատանքի արդյունքում Կալավան է ուղղվել զբոսաշրջիկների հոսք։ Ակտիվ հանգիստն ու էկոտուրիզմը սկսել է թափ առնել։

Կալավանում զբոսաշրջիկներին առաջարկում են զբոսանքներ, ջիպ–արշավներ (որոնք կազմակերպվում են «Գարդման տուր»–ի հետ պայմանագրով), ծանոթություն տեղի ֆլորայի ու ֆաունայի հետ, որի մի քանի տեսակներ Կարմիր գրքում են, անտառային խոհանոց, որն ունի 102 տեսակի ուտեստներ գյուղի եզերքից հավաքած խոտաբույսերից, հատապտուղներից ու պտուղներից։ Հյուրերը նաեւ կարող են մասնակցել «Մամոնտ» կոչվող խաղին՝ ապրելով և մրցելով իրար հետ նախնադարյան կենցաղում։

Հյուրերին ընդունելու համար Time land հիմնադրամը դիմել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ)՝ ներկայացնելով գյուղական տների ու հյուրատների վերակառուցման բիզնես նախագիծ։ Կազմակերպությունը USAID–ի կողմից ֆինանսավորվող PRP in Armenia ծրագրի շրջանակում արտոնյալ վարկ է տրամադրել մի քանի գյուղացիների, ինչպես նաեւ՝ դրամաշնորհ՝ արեւային ջրատաքացուցիչներ տեղադրելու համար։

Այսօր, Կալավանում գործում է շուրջ 10 հյուրատուն՝ բոլորն արեւային ջրատաքացուցիչներով։ Արեւային էներգետիկան Կալավանում դառնում է գերակա ուղղություն․ արեւային վահանակներ եւ ջրատաքացուցիչներ տեղադրվելու են նաեւ գյուղի տներում։

UNDP–ի աջակցությամբ և USAID/PRP ծրագրի շրջանակում Կալավանում կառուցվում է նաեւ գիտակրթական զբոսաշրջային կենտրոն, որտեղ Կալավանի հյուրերին կտրամադրվի հյուրատնային, բժշկական, տեղեկատվական, սննդի ծառայություն։

Կալավանը գրավիչ է ոչ միայն որպես զբոսաշրջային կենտրոն։ Մայրաքաղաքի շատ բնակիչներ ու օտարերկացիներ ցանկանում են տուն գնել այստեղ եւ տնտեսություն հիմնել։ Սակայն բնակիչներն արդեն չեն ցանկանում վաճառել իրենց տները, չնայած որ անշարժ գույքը Կալավանում թանկացել է։ Եթե նախկինում տան արժեքը առավելագույնը 400 դոլար էր, ապա այժմ գները հասել են 15 հազար դոլարի։

Անշարժ գույքի գների աճը վկայում է, որ Կալավանը տնտեսապես աշխուժանում է։

Այնուամենայնիվ, գյուղ տանող ճանապարհների վիճակը մնում է հրատապ խնդիր։ Ռոբերտն ասում է, որ ասֆալտի ծածկույթը այստեղ այնքան էլ հարմար չէ, քանի որ պահանջում է մշտական խնամք ու թարմացում, հերիք է բարեկարգել գրունտային ճանապարհները, լցնել գոնե փոսերը։ Կալավանի բնակիչները ստիպված են իրենք լուծել այս խնդիրը՝ հույսով, որ կառավարությունը մինչեւ տարվա վերջ կհիշի իրենց ճանապարհի մասին։ Իշխանությունների նախկին խոստումները, ինչպես նշում է Ռոբերտը, առայժմ չեն կատարվել։

Կալավանում մենք հանդիպեցինք Լաս Վեգասում Հայաստանի պատվո հյուպատոս Ատրուշան (Էնդի) Արմենյանին, որ երեք օրով եկել էր այստեղ, երբ համացանցից իմացել էր հայկական լեռնային գյուղի ֆենոմենի մասին։ «Ռոբերտն իր ընկերների հետ միասին ոգեշնչեց մարդկանց, որպեսզի անվախ զբաղվեն ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչի շնորհիվ գյուղն այսօր արդեն դատարկ չէ։ Այն ամենը, ինչ ես տեսել եմ Կալավանում կարճ ժամանակամիջոցում, ինձ հարազատ է դարձել։ Սիրում եմ հանգստանալ անսովոր պայմաններում եւ մտադիր եմ ամառն այստեղ գալ՝ արշավի համար։ Ես կուզեի նաեւ տուն գնել, բայց, ցավոք, տներ այստեղ այլեւս չեն վաճառվում»,- նշեց Արմենյանը։

Հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Վահե Բոյաջյանը երկու տարի առաջ Կալավանում սկսել է սեփական տուն կառուցել եւ տարվա կեսը գյուղում է անցկացնում։

«Ինձ այստեղ գրավում են ոչ միայն բնությունը եւ հնագիտական պեղումները, այլ առաջին հերթին իրենց հողին ամուր կապված Կալավանի բնակիչները»,- մեզ հետ զրույցում ասաց Բոյաջյանը։

Հինգ ընտանիք Կալավանում երկու տարի առաջ սկսեց զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ։ Արթուր Ամիրխանյանը հիմնեց մեղվաբուծական տնտեսություն, որը մասնագիտացած է օրգանական մեղրի արտադրության մեջ։ Մեղրը նա վաճառում է ոչ միայն Երեւանում, այլեւ այցելուներին, որ գալիս են զբոսաշրջային սեզոնին։

Տեղի դպրոցի շախմատի ուսուցիչ Հովիկ Ղուկասյանն ասում է, որ միայն այս տարի իր հյուրատանը մոտ 300 մարդ է ընդունել։ Նրանք հիմնականում հնագետներ էին՝ Սլովակիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Լատինական Ամերիկայից, Ճապոնիայից եւ Թայլանդից։ Այժմ Կալավանի հյուրատան օրավարձը 6000 դրամ է, բայց Հովիկը վստահ է, որ մոտ ապագայում Կալավանի հոսթելներում գները զգալիորեն կբարձրանան։

Կալավանի օրինակը վարակիչ կարող է դառնալ Հայաստանի այլ գյուղերի եւ քիչ զարգացած շրջանների համար։ Ռոբերտը մտադիր է համայնքային զարգացման իր փորձը հասցնել հարեւան, նաեւ՝ սահմանամերձ գյուղեր։

Կալավանի բնակիչները կարծում են, որ չնայած սոցիալական դժվարություններին եւ ենթակառուցվածքների բացակայությանը՝ կարելի է բարելավել կյանքի որակը, եթե մարդ հավատա իրեն, բոլորը համախմբվեն մի գաղափարի շուրջ եւ այն միասին առաջ մղեն։ Կալավանցիները այլևս բախտ չեն փնտրում հեռուներում, իրենց բախտն ու երազանքներն այստեղ են՝ «երկնքի սահմանին» ապրող լեռնային գյուղում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ