News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Ի՞նչ է հայկականը, ո՞րն է մեր ինքնությունը և արդյոք այն փոփոխվո՞ւմ է ժամանակին զուգընթաց։ Արդյոք այն, ինչ մենք համարում ենք հայկական, և ինչը մեզ համար շատ կարևոր է, նույնքան կարևոր և հետաքրքի՞ր է օտարերկրյա զբոսաշրջիկի համար։ Ո՞րն է Հայաստան բրենդը՝ հարուստ պատմությո՞ւնը, համեղ ուտելի՞քը, թե՞ հյուրասեր մարդիկ։ Եվ ինչպե՞ս այն «փաթեթավորել» եւ ներկայացնել մեր երկրի այցելուներին։ Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում։ Այս և այլ հարցերի շուրջ ծավալվեցին քննարկումները One Way Tour ընկերության կազմակերպած Tourism&more հերթական կոնֆերանսի ժամանակ, որը կրում էր «Պահպանելով ու ներկայացնելով հայկականը» խորագիրը։

EOSR3700.jpg (13.22 MB)

Սոցիալական պատասխանատվություն

«Մենք ունենք պատասխանատվություն հայկականի պահպանման և ներկայացման համար, և ես ուզում եմ` սա վարակիչ լինի բոլորիս համար», –  իր խոսքում նշեց One Way Group-ի հիմնադիր տնօրեն Մաթևոս  Բարսեղյանը։

EOSR3746.jpg (4.58 MB)

«Ինչո՞ւ որոշեցինք, որ այս խորագիրը պետք է կրի։ Հարցն այն է, որ մենք այլևս կոմերցիոն գործունեություն վարող ընկերությունից փորձում ենք ձևափոխվել սոցիալական պատասխանատվություն ունեցող ընկերության, որը պատասխանատու է իր երկրում ազգապահպանության, հայրենաճանաչության և կրթության որակի բարձրացման համար։ Այդ պատճառով կազմակերպել ենք այս միջոցառումը։ Քննարկելու ենք` որն է այն նվազագույն անելիքը, որով յուրաքանչյուր հայ, այդ թվում նաև մասնավոր ընկերություն, պատասխանատու է ազգապահպանության համար, և որն է Հայաստան բրենդի արխետիպը», – ասաց ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Սաթենիկ Աբրահամյանը։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց` կոնֆերանսի թեման ընտրելու ժամանակ One Way Tour ընկերությունում հասկացան, որ այդ իմաստով շատերն ունեն կոնտենտի պակաս. «Հիմա ապատեղեկատվությունn այնքան շատ է, որ պետք է ուղղակի հարթակ տրամադրել մասնագետ, գիտնական, դասախոս մարդկանց։ Կոնֆերանսի նպատակն էր մի հարկի տակ հավաքել մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների, որոնք Հայաստանն ու հայկականը ներկայացնում են դրսում։ Մասնագետների հետ նրանց հանդիպումը կազմակերպելը շատ կարևոր էր»։

«Հայաստան բրենդի արքետիպը աշխարհում , էթնիկ հայի ու հայկականության դիմագիծը»

Այս խորագրով պանելային քննարկման մասնակիցների կարծիքները ոչ բոլոր կետերում էին համընկնում։ Մասնավորապես, ճարտարապետության ազգային թանգարան–ինստիտուտի  տնօրեն Մարկ Գրիգորյանը շեշտը դրեց ինքնության փոփոխականության վրա, իսկ «Ստատուս» հոլդինգի համահիմնադիր–սեփականատեր Տիգրան Բալոյանը, երգիչՀայկ Պետրոսյանը, կառավարման փորձագետ Հայկազ Ֆանյանը ու ազգագրագետ, «Դաֆնեզարդի» հիմնադիր Մանան Դաֆինը՝ դրա անփոփոխ ասպեկտների վրա։

Ըստ Տիգրան Բալոյանի, կարևոր է հասկանալ, թե ընդհանուր Երկիր մոլորակ օրգանիզմում Հայաստանն ինչ օրգանի դեր է կատարում, իսկ ահա հայոց թագուհիների զարդերը վերականգնող Մանան Դաֆինը համարում է, որ անձը, որը չի ճանաչում իր պատմական ով լինելը, կարող է հոգեկան խանգարում ունենալ։

EOSR3715.jpg (11.33 MB)

Հայկ Պետրոսյանը երգով փորձեց հիմնավորել իր ասելիքը՝ կատարելով  «Ալագյազ սարն ամպել ա» երգի մի հատված 6/8 տակտով և Կոմիտասի մշակմամբ։

Քննարկվեցին նաև շատ կոնկրետ հարցեր. ինչպես զբոսաշրջային ոլորտում ավելի ակտիվ ներգրավել  հայ գիտնականներին, ինչպես ավելի լավ օգտագործել Սփյուռքի ներուժը, բարելավել գովազդը, ինչպես հայկական ժառանգությանը ծանոթացնել անձնական փորձառության միջոցով, ինչպես օգտագործել Հայաստանի այն ունիկալ հատկությունը, որ այսքան փոքր տարածության վրա հանդիպում են բոլոր կլիմայական գոտիները, ինչը մեր երկիրը կարող է շատ հետաքրքիր դարձնել նաեւ կինոարտադրության համար։ Մանան Դաֆինը ներկայացրեց, թե ինչպես հայոց թագուհիների մասին հետաքրքիր պատումները Հայաստան բերեցին Netflix ընկերությունը։

Ի՞նչ կտա այս կոնֆերանսը

«Մենք իհարկե չենք գալու ընդհանուր եզրակացության, բայց սա այն հանդիպումն է, որը մարդկանցստիպում է մտածել», –NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարկ Գրիգորյանը՝ խոսելով այն մասին, թե որքանով է քննարկումն ակտուալ։ 

«Այդ տեսակետից ես համարում եմ սա կարևոր։ Եվ ես ուզում եմ, որ այդ մտածելը մեր մեջ առաջացնի ինչ որ ներքին շարժում, որովհետև մենք շատ ենք խոսում պահելու, պահպանելու մասին, բայց զարմանալիորեն մենք չենք խոսում զարգացնելու մասին, զարգանալու մասին։ Մենք պետք է հասկանանք, որ բավականին երկար ժամանակ նստած նայում էինք մեր պորտերին ու հիանում։ Մի հատ բարձրացնենք հայացքը, տեսնենք՝ ինչ մեծ աշխարհ կա։ Մենք պետքէ ճիշտ գնահատենք մեզ, և դրանից շարունակենք զարգանալու ճանապարհը», – ասաց նա։

EOSR3680.jpg (10.40 MB)

Մանան Դաֆինի կարծիքով, այս հանդիպումը շատ կարևոր էր, քանի որ շատ տարբեր ոլորտների մարդիկ միավորվեցին մեկ էմոցիոնալ դաշտում, և մի քանի ժամով մոռացան քաղաքական տարաձայնությունները, պատմական որոշակի հարցերի շուրջ տարաձայնությունները։

«Մենք հասկացանք, որ մենք մենք ենք, մենք ինքնություն դեմք–դիմագիծ ունենք, որն աշխարհում ինձ համար ամենագեղեցիկն է, և շատերի համար գեղեցիկներից մեկն է, հասկացանք, որ մենք ունենք մեծ ներուժ։ Թե դա օգտագործելու լուծումները ինչպիսին պետք է լինեն, այստեղ հնչեցին այդ հարցերը, ամեն մեկն իր պատասխանը տվեց։ Բայց լայն առումով կարծում եմ, որ այսօր լսարանը ևս մեկ անգամ համոզվեց, որ այո, մենք ունենք այդ հազարամյա ժառանգությունը, որի հետ կապված ենք գենետիկորեն, մեր արյունն է դա, և որքան ավելի շուտ ընդունենք, որ այն կապույտ է և ազնվական, ես այդպես եմ կարծում, այդքան ավելի լավ կլինի մեր երկրի և տնտեսության համար», – ասաց նա՝ հավելելով, որ գուցե կոնֆերանսին ներկաները այս քննարկումից հետո կորոշեն հիմնել իրենց բրենդը, անհատական տուրերը, հյուրասիրություն կազմակերպել իրենց տան բակում և այլն։

Ինչպես տեղեկացրեց One Way Group- ի հիմնադիր տնօրեն Մաթևոս  Բարսեղյանը, սա ընկերության կազմակերպած երրորդ Tourism&more կոնֆերանսն է: Առաջինը կայացել է 2021 թվականին, կորոնավիրուսի համավարակից և պատերազմից հետո, երբ տուրիզմի ոլորտը կոլափսի մեջ էր։ Ընկերությունը շեշտը դրեց Հայաստանի մարզերի, հատկապես, սահմանամերձ շրջանների զարգացման վրա, և սկսեց ակտիվորեն զարգացնել տուրիզմը դեպի հարավ՝ Սյունիք։ «Վերջին երեք տարվա մեջ Տաթևի ճոպանուղին մեր ընկերությանը ճանաչել է որպես ամենաշատը տուրիստ բերող», – պատմեց նա։ Ընկերության  հաջողված նախագծերից են նաև համերգ–տուրերը, ինչպես նաև One Way Academy-ն։ Դեռ 2015 թվականից ընկերությունը սկսել է թրեյնինգներ անցկացնել՝ նոր զբոսավարներ կրթելու և ընկերության աշխատակազմը համալրելու համար։ Այսօր թրեյնինգների ծրագիրը վերաբրենդավորվել է, դարձել է One Way Academy, որն օգնում է ցանկացողներին բացահայտել Հայաստանն ու հայկականը։

EOSR3720.jpg (10.08 MB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Ամենաշատ