Նյու Յորքում ամենամյա ավանդական շքերթ է տեղի ունեցել ԱՄՆ ազգային տոնի՝ Երախտագիտության օրվա կապակցությամբ։ 92-րդ շքերթին մասնակցության համար նախօրեին քաղաքի Կենտրոնական այգի էին տարվել մուլտֆիլմերի հերոսների կերպարներով 16 հսկա փուչիկներ։ Մանհեթենով շարքով անցել են 1200 պարողներ, մոտ 1000 ծաղրածուներ եւ 12 դպրոցական նվագախմբեր՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

ABC-ի գնահատականով՝ չնայած այն բանին, որ առավոտյան ջերմաստիճանը -3-ի էր իջել, մոտ 3 մլն մարդ շարվել են Վեցերորդ ավենյուի երկայնքով՝ Կենտրոնական այգուց մինչեւ Macy's խանութ։ Այս ընկերության հովանու ներքո են 1924 թվականից տեղի ունենում Երախտագիտության տոնի շքերթները։

Քաղաքային իշխանությունները շքերթի անցկացման կապակցությամբ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկել։

Երախտագիտության օրը ազգային տոն է համարվում 1863 թվականից՝ երկրի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի հրամանագրով։ 1941թ․ ԱՄՆ Կոնգրեսը տոնը ամեն նոյեմբերի չորրորդ հինգշաբթին նշելու որոշում է կայացրել։ Սակայն այս ավանդույթը սկիզբ է առել 1621թ․, երբ Մասաչուսեթս նահանգի առաջին բնակիչները որոշեցին բերքահավաքից հետո իրենց երախտագիտությունը հայտնել աստծուն։ Տոնին հրավիրվել էին հնդկացիներ, ովքեր իրենց հետ հնդկահավ էին բերել, որն էլ մինչ այսօր Երախտագիտության օրվա անբաժանելի մասն է։